Հասարակություն

Պետք է մտածել ոչ թե մարտի 1-ի, այլ մարտի 2-ի մասին, այսինքն՝ հաջորդ օրվա մասին, թե ապագան մենք ինչպես ենք կառուցում. Էդմոն Մարուքյան

Այսօր մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն տեղի ունեցավ Սբ Սարգիս եկեղեցում, որին մասնակցեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության և համանուն խմբակցության անդամները։ «Սա սգո օր է. հարգանքի տուրք մատուցելու միջոցառում է, որը և նախաձեռնում ենք, և մասնակցում ենք, աղոթում ենք զոհերի համար և որպես քաղաքական գործիչներ անում ենք ամեն ինչ, որպեսզի այլևս երբեք մարտի 1 չկրկնվի: Դա անելու համար պետք է այնպիսի քաղաքական և պետական կառավարական համակարգ կառուցել, որ ՀՀ-ում այլևս չլինի բռնություններով իշխանություն, չլինի անպատժելիություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Վերջինս նշեց, որ միշտ պնդել է ՝ քանի դեռ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի եղել և չեն եկել այնպիսի քաղաքական ուժեր, որոնք կդրսևորեն քաղաքական կամք մարտի 1-ը և ոչ միայն դա, հոկտեմբերի 27-ը, քաղաքական սպանությունները, այս արհավիրքները բացահայտելու, դա տեղի չի ունենալու. «Հիմա մենք ունենք այսպիսի իրավիճակ, և ճանապարհը հարթվում է, գնում ենք առաջ: Քրեական գործ կա հարուցված, որը շատ բարդ ու մեծ գործ է, մենք էլ որպես հասարակություն ակտիվ ներկայացուցիչներ հետևում ենք: Ես հուսով եմ, որ այն բացահայտվելու է ամբողջությամբ, համենայն դեպս, իշխանություններն են պնդում, որ ամբողջությամբ բացահայտված է մարտի 1-ը: Ես հուսով եմ, որ դատարանի որոշմամբ էլ կտեսնենք և կազմակերպիչներին, և սպանողներին, և հանգամանքները կիմանանք, և հասարակությունը կգնա դեպի հաշտեցում»: Հարցին, թե գործի ընթացքը բավարարո՞ւմ է Էդմոնդ Մարուքյանին, վերջինս պատասխանեց, որ մինչ հիմա գիտենք , որ սահմանադրական կարգի տապալման մեղադրանք է առաջադրված, իսկ դա գործի մեկ հատվածն է, մնացած մասով դեռևս տեղեկություններ չկան: «Ես որքանով որ տեղյակ եմ, այո՛, բավարարում է: Գործը գաղտնի է քննվում, երբ գործը գնա դատարան, սկսվեն դռնբաց դատական նիստերը, կնայենք, կտեսնեք, մեզ բավարարո՞ւմ է, թե՞ ոչ, օրինակ 10 զոհերի սպանողները դեռ հայտնի չեն չէ, դա էլ պետք է բացահայտվի, իսկ քննությունը ընթացքի մեջ է»,- հավելեց պարոն Մարուքյանը: Նրա համոզմամբ՝ մենք այս ամեն ինչը վերանայելու արդյունքում՝ պետք է գանք մի հանգրվանի, երբ հասարակությունն ամբողջությամբ հաշտված է, այսինքն՝ մենք պետք է գանք հանրային համերաշխության, այս ամենը պետք է արվի հանրային համերաշխության իմաստով. «Եվ մտածել ոչ թե մարտի 1-ի, այլ մարտի 2-ի մասին, այսինքն՝ հաջորդ օրվա մասին, թե ապագան մենք ինչպես ենք կառուցում: Այսինքն` պետք է լուծենք այս խնդիրը, վերջակետ դնենք և շարժվենք առաջ, այնպիսի պետական քաղաքական համակարգ ունենանք, որի արդյունքում այլևս երբևէ նման բաներ չեն կրկնվի»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության և համանուն խմբակցության անդամները քայլերթով շարժվել են դեպի Մյասնիկյանի արձանին հարող խորհրդանշական վայր՝ հարգանքի տուրք մատուցելու 11 տարի առաջ դաժան սպանդի զոհ դարձած 10 անմեղ քաղաքացիների հիշատակին։ 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *