Հասարակություն

Ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին ևս օժանդակություն կցուցաբերվի (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: «Ձեր նախաձեռնությունը մեր տնտեսության բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ առաջիկայում հանդիպելու առիթ հանդիսացավ, որպեսզի ավելի տեղային կարողանանք քննարկել և փորձել հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ոչ միայն տնտեսական ճգնաժամը հաղթահարենք, այլև ավելի բարձրացնենք ոլորտների, և ընդհանուր առմամբ, մեր տնտեսության մրցունակությունն ու արդյունավետությունը: Կարծում եմ՝ նույնիսկ ճգնաժամի պայմաններում այս օրակարգը պետք չէ մոռանալ: Որքան պրոակտիվ լինենք ճգնաժամային իրավիճակում, որքան ավելի երկարաժամկետ հորիզոնի նկատմամբ որոշակի քաղաքականություն դրսևորենք՝ այնքան ավելի լավ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:  Այնուհետև ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգող հարցերը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առաջացած խնդիրները և հանդես եկել դրանց լուծման առաջարկություններով: Մասնավորապես, մասնավոր հատվածի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային տնտեսական միջոցառումներից և կարևորել ռեստորանային ոլորտում աշխատատեղերի պահպանման ուղղությամբ հնարավոր օժանդակությունը: Նրանց խոսքով՝ այն կօգնի, որպեսզի ոլորտը ճգնաժամից դուրս գա նվազագույն կորուստներով: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ կառավարությունում վարչապետի գլխավորությամբ հարցն արդեն իսկ քննարկվել է և այժմ պատրաստման փուլում է բիզնեսին աշխատատեղերի պահպանման նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու նախագիծը: Նախարարը մանրամասնել է նախագծով նախատեսվող օժանդակության մեխանիզմների վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է առաջիկա 1 շաբաթում մասնավոր հատվածի հետ շարունակել քննարկումները նախագծի շուրջ՝ վերջիններիս առաջարկներով այն լրամշակել և ներկայացնել կառավարության հաստատմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է ծառայությունների մատուցման ոլորտի շարունակական զարգացման անհրաժեշտությունը և հորդորել բիզնեսի ներկայացուցիչներին հանդես գալ նաև մարզերում ժամանակակից ռեստորանների և սրճարանների հիմնման նախաձեռնություններով, ինչը կարևոր նշանակություն ունի նաև համայնքներում մթնոլորտի բարելավման հարցում:             

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *