Հասարակություն

Սաշիկ Սարգսյանը 20 մլն դոլար է նվիրել Արցախի բանակին. ԱԱԾ–ն 22 միլիարդ հետ է բերել բյուջե

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, խարդախության համար մեղադրվող Ալեքսանդր Սարգսյանը պետությանը ոչ թե 18.5 միլիոն դոլար է նվիրել, այլ 19.6։ Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։ Ավելին` պարզվում է` Սաշիկ Սարգսյանն այդ գումարը կոնկրետ Արցախի բանակին է ուղղել։

«Քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 9 506 000 000 ՀՀ դրամին համարժեք 19 600 000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին»,- Sputnik Արմենիա-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։

Նա հաստատել է նաև մամուլում տարածված մեկ այլ տեղեկություն ևս։ Խոսքը ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նվիրատվության մասին է։ Ըստ ԱԱԾ–ի` Արմեն Ավետիսյանը քրեական գործի նախաքննության շրջանակներում դիմել է համապատասխան մարմիններին` Ծաղկաձորում գտնվող իրեն պատկանող «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու համար։

Թե որքան է այս հյուրանոցի գնահատված արժեքը, ԱԱԾ–ն չի հստակեցնում, բայց ինչպես նոյեմբերի 28-ին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, դրա արժեքը շուրջ 20 միլիոն դոլար է։ «Այն պետք է հանել աճուրդի, և փողերը պետք է մուտքագրել պետբյուջե»,– ասել էր Փաշինյանը։

Մեկ այլ քրեական գործով էլ 3 մլրդ 37 մլն դրամ է վճարվել պետական բյուջե։ Թե որ քրեական գործի մասին է խոսքը և ով է վերականգնել չարաշահված գումարը, ԱԱԾ–ն չի հստակեցնում։

Հայտնի է միայն, որ այդ գումարի չարաշահման վերաբերյալ քրեական գործը կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով, քանի որ մեղադրյալն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառած վնասը` ներառյալ հարկային պարտավորությունները:

Ինչ վերաբերում է նախկինում գրպանված ու արդեն իսկ պետական բյուջե վերադարձված գումարներին, դրանք միայն ԱԱԾ տվյալներով կազմում են շուրջ 22 մլրդ դրամ։

ԱԱԾ–ից Sputnik Արմենիային տրամադրած պաշտոնական տվյալներով`ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական միջոցների չարաշահումների ու կոռուպցիոն բնույթի հանցագործություններով քննված քրեական գործերով նախաքննության ընթացքում վերականգնվել է 22 052 635 406 ՀՀ դրամ: Վերականգնված գումարները փոխանցվել են ՀՀ պետական բյուջե:

Միաժամանակ ԱԱԾ–ն հայտնում է, որ 2018թ. մայիսի 10-ից մինչև 2019թ. փետրվարի 20-ը պետական միջոցների չարաշահումների ու կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հարուցված քրեական գործերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 32 023 492 827 ՀՀ դրամի չարաշահման դեպքեր:

Նշենք, որ հայտնաբերված չարաշահումներից 30 991 811 334 ՀՀ դրամը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործերով, 1 031 681 493 ՀՀ դրամի վերաբերյալ քրեական գործերն ԱԱԾ–ին են ուղարկվել ըստ ենթակայության քննություն իրականացնելու համար։

Ի դեպ, նշենք, որ կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հարուցված այլ քրեական գործերով քննություն են իրականացնում նաև այլ քննչական մարմիններում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *