Հասարակություն

Շուրջ 17.000 կենսաթոշակառու անկանխիկ գործարք է արել

Հուլիսին ՀՀ կենսաթոշակառուները 524 մլն. դրամի անկանխիկ առևտուր են իրականացրել։ Այս մասին  կառավարության նիստում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` ներկայացնելով կենսաթոշակային հետվճարային համակարգի ներդրման առաջին արդյունքները։

Ըստ նախարարի՝ անկանխիկ գործառնություններից օգտվել է ՀՀ կենսաթոշակառուների միայն 10 %-ը` շուրջ 17 000 մարդ։

«Հատկանշական է, որ մինչ հուլիս 1-ից մեկնարկած մեր միջոցառումը այս թիվը եղել է 0»,-հայտնել է նախարարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հստակեցրել է. «Այսինքն` կենսաթոշակառուները քարտերով ընդհանրապես անկանխիկ գործարք չեն արել»։

Արդյունքում` միայն հուլիսի ամսվա համար կենսաթոշակառուներն օգոստոսին կստանան 44 մլն. դրամի հետվճար, որն, ըստ Մկրտչյանի, յուրաքանչյուր թոշակառուի համար կկազմի միջինը 2600 դրամ։

«Բայց դեպքեր կան, երբ թոշակառուները մաքսիմալ սահմանված հետվճար են ստանալու։ Շուրջ 2000 մարդ հենց 50.000 դրամի առևտուր է արել, ու նրանք մաքսիմալ հետվճար են ստանալու»,-ասել է Մկրտչյանը։

Բանկային քարտով առևտուր անելու դեպքում ՀՀ թոշակառուները հուլիսի 1-ից ամեն հաջորդ ամսվա կենսաթոշակի հետ կստանան գնման 10 տոկոսի չափով հետվճար, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *