Հասարակություն

Շուրջ 40.000 երեխա սպանության զոհ է դարձել 2017 թվականին. ՅՈւՆԻՍԵՖ

Երեխաների հանդեպ բռնության կանխարգելման մասին գլոբալ  զեկույցը կոչ է անում պետություններին՝ ավելին անել և նախազգուշացնում է կորոնավիրուսի «խորը ազդեցության» մասին

 Աշխարհի երեխաների կեսը կամ գրեթե 1 մլրդ. երեխա ենթարկվում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական բռնության՝ ստանալով վնասվածքներ, հաշմանդամություն ձեռք բերում կամ մահանում, որովհետև պետությունները ձախողել են հետևել հաստատված ռազմավարությանը՝ նրանց պաշտպանելու համար։
 Այս մասին է խոսվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՅՈuՆԻՍԵՖ-ի, ՅՈuՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Երեխաների հանդեպ բռնության հարցերով հատուկ ներկայացուցչի և «Վե՛րջ բռնությանը» համագործակցության կողմից հրապարակված նոր զեկույցում։
  «Երեխաների հանդեպ բռնությանը երբեք որևէ արդարացում լինել չի կարող», - նշել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը (Dr Tedros Adhanom Ghebreyesus): Այն կանխարգելու համար մենք ապացուցահեն գործիքներ ունեք և կոչ ենք անում բոլոր պետություններին՝ կիրառել դրանք։ Երեխաների առողջությունը պաշտպանելն ու բարօրությունը պահպանելը առանցքային դեր ունեն մեր հավաքական առողջությունը պաշտպանելու և բարօրությունը պահպանելու համար թե՛ այսօր, և թե՛ ապագայում»:
  Երեխաների հանդեպ բռնության կանխարգելման գլոբալ դրությունը 2020թ․ զեկույցն իր տեսակի մեջ առաջինն է, որ ներկայացնում է 155 երկրում գրանցված առաջընթացը «INSPIRE» ծրագրի շրջանակում, որը 7 ռազմավարությունների շարք է՝ երեխաների հանդեպ բռնությունը կանխարգելելու և երեխաների հանդեպ բռնությանը արձագանքելու համար։ Զեկույցն այս ուղղությամբ իրականացվող քայլերի խթանման հստակ անհրաժեշտություն է տեսնում բոլոր երկրներում։ Թեև գրեթե բոլոր երկրներում (88%) անհրաժեշտ օրենքներ կան երեխաներին բռնությունից պաշտպանելու համար, կեսից էլ պակաս երկիր (47%) է նշել, որ դրանք խստորեն կիրառվում են։
   Զեկույցում առաջին անգամ են տվյալներ ներկայացվել աշխարհում 18 տարին չլրացած երեխաների շրջանում տեղի ունեցած սպանությունների վերաբերյալ․ նախորդ գնահատականները ներառում էին նաև 18-19 տարեկանների մասին տվյալներ։ Ըստ զեկույցի, 2017 թվականին շուրջ 40 000 երեխա սպանության զոհ է դարձել։
 «Երեխաների հանդեպ բռնությունը մի՛շտ է եղել, իսկ հիմա ամեն ինչ կարող է վատթարանալ», - նշել է ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Ինքնամեկուսացման, դպրոցների փակման և շարժման սահմանափակումների պատճառով չափազանց մեծ թվով երեխաներ են մնացել բռնարարների կողքին՝ զուրկ լինելով անվտանգ վայրերից, ինչպիսին դպրոցն է։ Անհրաժեշտ է մեծածավալ ջանքեր գործադրել թե՛ այս ժամանակահատվածում, և թե՛ դրանից հետո՝ երեխաներին պաշտպանելու համար, այդ թվում՝ առաջնային դեր հատկացնելով սոցիալական ծառայության աշխատողներին և ամրապնդելով երեխաներին տրամադրվող աջակցության թեժ գծերը»:
  Ընդհանուր առմամբ առաջընթացն անհավասար է։
«INSPIRE» ծրագրի ռազմավարություններից միայն մեկի՝ գրանցման միջոցով դպրոց ընդունվելու գործարկումով է պայմանավորված ամենամեծ առաջընթացը։ Այսպես՝ երկրների 54% -ը զեկուցել է, որ այս եղանակով հայտնաբերվել է կարիքավոր երեխաների բավականին մեծ թվաքանակ: 32% -ից 37% երկրներում բռնության զոհ դարձած երեխաները կարող են օգտվել աջակցություն տրամադրող ծառայություններից։ Միևնույն ժամանակ, երկրների 26% -ն է տրամադրել ծնողներին և խնամակալներին ուղղված աջակցության ծրագրեր։ Պետությունների 21% -ը ծրագրեր է իրականացրել վնասակար վարքագծերը փոխելու համար, իսկ 15% -ը փոփոխություններ է իրականացրել երեխաների համար անվտանգ վայրեր ապահովելու նպատակով:
  Չնայած որ երկրների մեծամասնությունը (83%) գործողությունների ազգային ծրագրեր և քաղաքականություն ունի, դրանց միայն 21% -ն է ամբողջությամբ ֆինանսավորվում կամ չափելի (թվային) թիրախներ ունի։ Ֆինանսավորման բացակայությունը, ոչ բավարար մասնագիտական հենքի հետ մեկտեղ, նպաստող հավանական հանգամանքներ են և ծրագրերի իրականացման դանդաղ ընթացքի պատճառ։
 Կորոնավիրուսի դեմ պայքարն ու դրա ազդեցությունը երեխաների  վրա։ Տանը մնալուն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ դպրոցների փակումը, սահմանափակել են ընտանիքների և անհատի աջակցության հիմնական աղբյուրները, ինչպիսիք են ընկերները, հարազատները կամ մասնագետները։ Սա է՛լ ավելի է նվազեցնում զոհի՝ ճգնաժամը և առօրյայի նոր ռեժիմը հաջողությամբ հաղթահարելու կարողությունը։ Ավելացել են երեխաների հանդեպ և զուգընկերոջ կողմից բռնության մասին թեժ գծերին հեռախոսազանգերը։
 Թեև առցանց հարթակները շատ կարևոր են երեխաների ուսման, աջակցության և խաղի համար, գրանցվել է առցանց վնասակար վարքագծի, այդ թվում՝ կիբերբուլիինգի, վտանգավոր առցանց վարքի և սեռական շահագործման աճ:
 «Երեխաների հանդեպ բռնությանը վերջ տալն այն է, ինչ պետք է անել։ Դա ճիշտ ներդրում է, որը հնարավոր է իրականացնել: Ժամանակն է ամբողջությամբ ֆինանսավորել ազգային գործողությունների համապարփակ ծրագրերը, որոնք հնարավորություն կընձեռեն երեխաներին՝ տանը, դպրոցում, առցանց և իրենց համայնքներում անվտանգ լինել», - նշել է Հովարդ Թեյլորը ([Howard Taylor] Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը համագործակցությունից): «Մենք կարո՛ղ ենք և պե՛տք է ստեղծենք մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է բռնությունից զերծ լինել և չափահասների նոր սերնդի մաս դառնալ՝ առողջ և բարգավաճ կյանքով ապրելու համար»:
 
Ծանոթություն
Զեկույցի տվյալները հավաքագրվել են 2018 - 2019թթ․ 155 երկրների ավելի քան 1000 որոշում կայացնող պաշտոնյաների հարցման միջոցով։ 2016 թվականին մեկնարկած «INSPIRE» ծրագիրը կոչ է անում՝ ընդունել և ուժի մեջ մտցնել օրենքներ, բռնությունը անընդունելի դարձնելու համար վարքագծեր և արժեքներ փոխել, երեխաների համար անվտանգ միջավայր ստեղծել, ծնողներին և խնամակալներին աջակցություն ցուցաբերել, եկամուտները հաստատուն դարձնել և տնտեսական կայունություն ապահովել, զոհերի համար բարելավել արձագանքման ծառայությունները և ապահովել երեխաներին կրթությամբ և կյանքում անհրաժեշտ հմտություններով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *