Հասարակություն

Շուրջ 560 միլիոն դրամ գումարի հափշտակման փորձ՝ պետբյուջեից

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է պետական բյուջեից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու հանցավոր մեխանիզմ։

Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից ՊԵԿ քննչական վարչություն հաղորդում էր ստացվել, որ ավտոմոբիլային տրանսպորտի միջմարզային բեռնափոխադրումների գործունեություն իրականացրած ՍՊ ընկերության անունից 2022 թ. հունիսի 30-ին հարկային մարմին են ներկայացվել կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, որոնցով նվազեցվել են ընկերության կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված և պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարները: Արդյունքում առանձնապես խոշոր չափերով՝ 63 միլիոն ՀՀ դրամ եկամտային հարկի գումարները համարվել են ավել վճարված և վերադարձվել են հարկերի միասնական հաշվին։

Դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ 2022 թ. հունիսի 11-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում նույն եղանակով հարկային մարմին են ներկայացվել 4 այլ կազմակերպությունների՝ կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, ինչի արդյունքում այդ ընկերությունների կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված և պետական բյուջե վճարված՝ ընդհանուր առմամբ 495 միլիոն ՀՀ դրամ եկամտային հարկի գումարները համարվել են ավել վճարված և վերադարձվել են հարկերի միասնական հաշվին։

Քրեական վարույթով իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված կազմակերպությունների կեղծ տվյալներով հարկային հաշվարկները չեն ներկայացվել դրանց իրական շահառուների կողմից, այլ ընկերությունների միջոցով պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 560 միլիոն ՀՀ դրամի հափշտակությունը նախապես պլանավորված մեխանիզմով կազմակերպել են ՀՀ քաղաքացիներ Հ․Ք․-ն և Գ․Ն-ն։

Մասնավորապես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հ․Ք․-ն և Գ․Ն-ն, իրենց հանցավոր մտադրություններն անխոչընդոտ իրագործելու և հանցագործությունը քողարկելու նպատակով, մինչև պետական բյուջեից գումարներ հափշտակելը՝ 2022 թվականի հունիս ամսին առանց իրական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության հիմնադրել են 9 ընկերություն, ինչպես նաև այդ ընկերությունների և իրենց անվամբ ՀՀ-ում գործող տարբեր առևտրային բանկերում բացել են 23 բանկային հաշվեհամար։

Այնուհետև, Հ․Ք․-ն և Գ․Ն-ն, նշված 5 կազմակերպությունների հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հասանելիություն ստանալու նպատակով, կեղծել են կնիքներ, լիազորագրեր, դիմումներ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածքներ, ու կազմված կեղծ փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչություն՝ գրանցվել են որպես կազմակերպությունների տնօրեն և էլեկտրոնային համակարգի առցանց լիազոր, որի հիման վրա հարկային մարմնից ստացել են էլեկտրոնային համակարգ մուտք գործելու ծածկագրեր և գաղտնաբառեր։

Վերջիններս, օգտագործելով խաբեության եղանակով ստացված ծածկագրերը ու գաղտնաբառերը, մուտք են գործել այդ 5 կազմակերպությունների հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգ և հարկային մարմին ներկայացրել ընկերությունների կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, որոնցով նվազեցրել են ընկերությունների կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված և պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարները: Արդյունքում եկամտային հարկի գումարները համարվել են որպես ավել վճարված և պետական բյուջեից վերադարձվել հարկերի միասնական հաշվին։

Այնուհետև, վերադարձվող գումարների մեծությամբ պայմանավորված՝ հարկային հսկողությունից խուսափելու և հարկային ծառայողների տեսադաշտում չհայտնվելու նպատակով նշված անձինք հարկային մարմին են ներկայացրել 167 դիմում՝ եկամտային հարկի գումարները մաս-մաս հարկերի միասնական հաշվից իրենց կողմից բացված հաշվեհամարներին վերադարձնելու մասին, որոնց հիման վրա գումարները փոխանցվել են այդ հաշվեհամարներին։

Այնուհետև Հ․Ք․-ն և Գ․Ն․-ն հափշտակված գումարների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով դրամական միջոցները բազմաթիվ գործարքներով շրջանառել են իրենց, այդ թվում՝ նոր հիմնադրված ընկերությունների բանկային հաշիվներով և էլեկտրոնային դրամապանակներով ու կանխիկացնելով՝ տնօրինել: Իսկ պետական բյուջեից հափշտակված գումարի մյուս մասը հնարավորություն չեն ունեցել տնօրինել՝ վարույթն իրականցնող մարմնի կողմից անհապաղ կիրառված արգելադրման պատճառով:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Հ.Ք-ի և Գ.Ն-ի նկատմամբ որոշումներ են կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Պետական եկամուտների կոմիտեի քննչական, հետաքննության և օպերատիվ հետախուզության, մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցների համատեղ և համակարգված գործողությունների արդյունքում Հ.Ք-ն և Գ.Ն-ն հայտնաբերվել են, ձերբակալվել ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Վերջիններիս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ներկայացվել են մեղադրանքներ, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

ՊԵԿ քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ հիշյալ անձինք նախապես մշակված բանկային փոխանցումների սխեմաների կիրառման արդյունքում, թաքցնելով և խեղաթյուրելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագումը և իրական բնույթը, պետական բյուջեից հափշտակված դրամական միջոցները ներկայացրել են որպես ձեռնարկատիրական գործունեության արդունք և առանց խոչընդոտների տնօրինել են դրանք: Այսպիսով, Հ.Ք-ի և Գ.Ն-ի գործողություններում առերևույթ առկա են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված (փողերի լվացում) հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշները, որոնց նախաքննության ընթացքում կտրվեն համապատասխան իրավական գնահատականներ:

Քրեական վարույթով օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները շարունակվում են և միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված հանցակիցներին, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *