Հասարակություն

Սոթքի հանքի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է. ՊՆ

Պաշտպանության նախարարության հայտարարություն է տարածել.

Մայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

Հիշեցնենք, այսօր   «Ազատություն» ռադիոկայանը հաղորդել էր, որ Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, հրազենային վիրավորում է ստացել հանքի հորատող աշխատակիցներից մեկը։ «Ազատությանը»_նն այդ մասին տեղեկացրել էր «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Կրակոցները սկսվել են երեկ երեկոյան, այսօր ցերեկը նորից ակտիվացել են: Եվ ցավոք սրտի, ունենք վիրավոր, մեր աշխատակիցն է, որը աշխատում է Սոթքի հանքավայրում, վիրավորվել է սրտի կողմից, ձախ թևը, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածքներ չկան: Տվյալ դեպքում աշխատակիցը գտնվում է հոսպիտալում և բժիշկները իրավիճակը գնահատում են կայուն», - ասել էր Գրիգորյանը:

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարից տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք ու սահմանային այլ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել, բայց հանքի ուղղությամբ դեռևս կրակում են:

«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունից փոխանցում են՝ հանքավայրը դադարեցրել է աշխատանքը. «Այս պահին Սոթքի հանքավայրը դադարեցրել է աշխատանքը և տեղի է ունեցել տարհանում՝ աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար»:

  

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *