Հասարակություն

ՍՊԻՏԱԿԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿՆԵՏՐՈՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԳԱՍՏՐՈԿՈԼՈՆՈՍԿՈՊԻԱՅԻ ԿԱԲԻՆԵՏ

     Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիզոր դեսպան, նորին գերազանցություն Յուտակա Աոկին, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը մարտի 11-ին ներկա են եղել Սպիտակի բժշկական կենտրոնի գաստրոկոլոնոսկոպիայի կաբինետի բացմանը:

    Կաբինետի գործունեության համար նախատեսված բժշկական կարևորագույն սարքավորումները՝ ժամանակակից գաստրոկոլոնոբրոնխոսկոպիկ սարքավորումների լրակազմը, հնարավոր է եղել ձեռք բերել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան «Մարդկային անվտանգության ծրագրերի» շրջանակում, «Սպիտակի Ֆերմեր» հասարակական կազմակերպության և Ճապոնիայի դեսպանատան միջև կնքված դրամաշնորհային պայմանագրի արդյունքում: Այն «Պենտաքս» ֆիրմայի 2023թ.արտադրության վերջին սերնդի եզակի բժշկական սարքավորում է ոչ միայն Լոռու մարզում, այլև հանրապետությունում և հնարավորություն է տալիս իրականացնելու ինչպես գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, այնպես էլ՝ բրոնխոսկոպիա: Նորագույն սարքավորումները ուռուցքային, այդ թվում՝ կոլոռեկտալ ուռուցքի վաղ հայտնաբերման գերժամանակակից հետազոտության հնարավորություն են ընձեռում:

Բացման խոսքով հանդես է եկել Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը: Նա ընդգծել է, որ Ճապոնիայի կառավարության, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան կողմից բժշկական ժամանակակից սարքավորումների տրամադրումը Սպիտակի բժշկական կենտրոնին՝ հումանիզմի հերթական դրսևորումներից է: Տնօրենն իր շնորհակալությունն է հայտնել նաև ՀՀ առողջապահության նախարարությանն ու Լոռու մարզպետի աշխատակազմին՝ նմանատիպ ծրագրերի իրականացմանն աջակցելու համար:

   Մարզպետ Արամ Ղազարյանն իր ողջույնի խոսքում կարևորել է Սպիտակի բժշկական կենտրոնում կենսական նշանակության բժշկական ծառայության ներդրումը.

- Մարզի այն բուժառուները, որոնք կարիք են ունեցել հետազոտությունների, ուղեգրվել են մայրաքաղաքային բժշկական հաստատություններ, մինչդեռ նորագույն սարքավորումներն այսուհետ թույլ կտան ժամանակին և ճշգրիտ ախտորոշելու ուռուցքային հիվանդությունները, ինչի արդյունքում կունենանք բազմաթիվ փրկված կյանքեր: Կաբինետը նորոգվել է Սպիտակի բժշկական կենտրոնի ջանքերով, վերապատրաստվել են համապատասխան մասնագետներ, ինչը նշանակում է, որ Սպիտակի բժշկական կենտրոնը լիարժեքորեն պատաստ է շատ կարևոր հետազոտությունների իրականացմանը,- ասել է մարզպետը:

Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատանը՝ մարզում իրականացվող բազմաթիվ ծրագրերի համար, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը՝ մարզի առողջապահության ոլորտի նկատմամբ ցուցաբերած հետևողական և հոգատար վերաբերմունքի համար, ինչպես նաև ծրագրի կյանքի կոչմանն աջակցող բոլոր կազմակերպություններին և դերակատարներին:

Դեսպան Աոկին շնորհավորել է Սպիտակի բժշկական կենտրոնին և կենտրոնի ծառայություններից օգտվող բուժառուներին նման հնարավորության համար.

-Բարձրորակ բժշկական ծառայությունների մատուցումը փոքր համայնքներում մեծ նշանակություն ունի տեղի բնակչության համար՝ հասանելիության մատչելիության տեսանկյունից: Սա մեզ համար ևս մեծ կարևորության ծրագիր է Հայաստանի Հանրապետությունում,-ասել է դեսպանը:

Բժշկական կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ ներկաները եղել են նորաբաց գաստրոկոլոնոսկոպիայի կաբինետում, ծանոթացել սարքավորման հնարավորություններին:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *