Հասարակություն

Ստամբուլում արգելել են անցկացնել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ

Ստամբուլում արգելել են անցկացնել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ, որոնք պետք է սկսեին Սուլոան Ահմեդի մզկիթի մոտ։ Այնտեղ պետք է տեղի ունենար նաեւ մամլո ասուլիս։ Թույլատրվել է անցկացնել լուռ երթ՝ առանց պաստառների։ Այս արգելքը զայրացրել էր տեղի իրավապաշտպաններին ու արտասահմանից ժամանած հյուրերին, որոնց թվում կան նաեւ քաղաքական գործիչներ Եվրախորհրդատանից ու Ֆրանսիայի խորհրդարանից։

Հիշատակի միջոցառման կազմակերպիչները հայտարարեցին, որ չեն ենթարկվում արգելքին եւ մամուլի ասուլիսն ընդհատումներով տեղի ունեցավ։

«Սա Թուրքիայում օրեցօր վատթարացող քաղաքական ու իրավական միջավայրի հետեւանքն է», - մեզ հետ զրույցում ասաց միջոցառմանը մասնակից, Թուրքիայի Խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը՝ հավելելով, որ անցած տարիներին նման միջոցառումներ անցկացվել են։

Ըստ կազմակերպիչների փոխանցման՝ հիշատակի միջոցառումն արգելել է ոչ թե Ստամբուլի քաղաքապետարանը, որ վերջին ՏԻՄ ընտրություններից հետո անցել է Ժողովրդահանրապետական կուսակցության վերահսկողության տակ, այլ տարածաշրջանի իշխանությունը, որն ուղիղ կերպով ենթարկվում է երկրի կառավարությանը։

Եվրախորհրդարանի պատգամավոր Ժոզե Ինասիո Ֆարիան «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քննադատեց Թուրքիայի իշխանությունների որոշումը։ Նրա խոսքով, սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, եւ իրավիճակն այս ոլորտում գնալով խորանում է Թուրքիայում։ Նա կարծում է, որ Թուրքիան պետք է քաջություն ունենա եւ առերեսվի իր պատմության հետ։ Եվրապատգամավորը նաեւ կոչ է անում Եվրամիությանն՝ ավելի կոշտ արձագանքելու Թուրքիայում մարդու իրավունքների խախտումներին։

«Պետք է ուղղակի պատժամիջոցներ կիրառել։ Սա անցնում է բոլոր սահմանները»,- նշեց նա։ Հիշատակի միջոցառումները Ստամբուլում այսօր կշարունակվեն նաեւ կենտրոնական Իստիկլալ փողոցում:

Այսօր առավոտյան Մեծ եղեռնի զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել Ստամբուլի Կում Գափու թաղամասում գտնվող Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում՝ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *