Հասարակություն

Ստացվել են բողոքներ կապված շախմատի դասավանդման մեթոդաբանության հետ.քննարկում

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ հոկտեմբերի 11-ին աշխատանքային քննարկում է անցկացրել հանրակրթական դպրոցներում շախմատ առարկայի պարտադիր դասավանդման նպատակահարմարության հարցի վերաբերյալ: Մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ոլորտի մասնագետներ:

Նախարարի կարծիքով՝ առարկան պետք է դասավանդվի դպրոցներում, քանի որ Հայաստանը միջազգային ասպարեզում համարվում է շախմատային գերտերություն: Շատ երկրներ ուսումնասիրում են հայկական փորձը: Արայիկ Հարությունյանը նաեւ տեղեկացրել է,  որ աշակերտների ծնողներից ստացել են բողոքներ կապված դասավանդման մեթոդաբանության հետ, նաեւ առաջարկվել է չգնահատել առարկան: Խնդիրը քննարկման փուլում է:

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ներկայացրել է մարզերի դպրոցներում շախմատի դասավանդման առկա իրավիճակը: Մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծել է բարձր տեխնոլոգիաների կիրառումը շախմատի ուսուցման գործընթացում, ինչը կնպաստի դասավանդման արդյունավետության բարձրացմանը:

Պատգամավոր Արտակ Մանուկյանը կարեւորել է մասնագետների նպատակային վերապատրաստման գործընթացի կազմակերպումը, անդրադարձել  ֆինանսական խնդիրներին:

Խնդրո առարկայի շուրջ քննարկումները կլինեն շարունակական: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *