Հասարակություն

«Ցանկացած քննադատություն իշխանության հասցեին կարող է ընկալվել որպես վիրավորանք». Աշոտ Մելիքյանը՝ Արմեն Խաչատրյանին

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի ներկայացրած նախագիծը` ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, պետք է հանել շրջանառությունից, քանի որ այն միակողմանի է: Պատգամավորն առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը եւ դրա համար պատժել՝ տուգանքով կամ կալանքով: Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ` այս փոփոխությամբ, փաստորեն, պատգամավորն ուղղակի ցանկանում է ավելի պաշտպանված դարձնել ոստիկանությունը. «Եվ, առհասարակ, հաշվի չեն առնվում այնպիսի լուրջ հանգամանքներ, որ նախագիծը կարող է վնասել խոսքի ազատությանը եւ ավելի վատթարացնել իրավիճակը` վիրավորանքի եւ զրպարտության առումով: Երկար տարիներ պահանջվեց, որպեսզի վիրավորանքն ու զրպարտությունն ապաքրեականացվեն, եւ բոլոր միջազգային ատյաններում դա գնահատվեց ու շարունակվում է գնահատվել որպես դրական քայլ Հայաստանի կողմից: Այսօր վիրավորանքը կրկին փորձել քրեականացնելը ուղղակի անիմաստ զբաղմունք է»: Արմեն Խաչատրյանը հիմնավորումներում նշել է, որ ԱՊՀ մի շարք պետություններում ոստիկանության ծառայողի (իշխանության ներկայացուցչի) պարտականությունների կատարմանը խոչընդոտելու (դիմադրելու) համար նախատեսված է քրեական պատասխանատվություն (օրինակ` Բելառուս, Ուկրաինա), եւ որպես պատիժ, բացի տուգանքից, նախատեսված է կալանքը կամ ազատազրկումը, իսկ, օրինակ, ՌԴ-ում ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն: Ինչ վերաբերում է եվրոպական եւ այլ երկրներին (օրինակ` ԱՄՆ, Կանադա), ապա դրանց մեծ մասում չի տարանջատվում վարչական եւ քրեական պատասխանատվությունը, սակայն վերլուծելով քննարկվող իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվության միջոցները (բարձր տուգանքներ, ազատազրկում), պարզ է դառնում, որ դրանք որակվում են, որպես բավականին մեծ հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումներ: Աշոտ Մելիքյանն ասում է, որ Բելառուսի օրինակը ուղղակի ծիծաղ է առաջացնում եւ բացատրում է. «Հայաստանը շատ ավելի բարձր մակարդակի ժողովրդավարության է հասել: Արեւելյան գործընկերության երկրների շարքում Բելառուսը, Ադրբեջանը եւ այլն, համարվում են ժողովրդավարության առումով հետնապահներ: Այսինքն, վերջին տեղերում են գտնվում: Եվ այդ երկրի օրինակը բերել Հայաստանի համար` միանգամայն անտեղի է»: 

Նյութը` «Առավոտ»-ի:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *