Հասարակություն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները և դատապարտում է իրավիճակի ապակայունացմանն ուղղված արշավը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը համացանցի իր կայքէջում բաժանորդների համար հրապարակել է հաղորդագրություն, որտեղ անդրադարձ է կատարել հրապարակված անհիմն և լուրջ մեղադրանքներին, որոնք ներկայացվել են Ընկերությանը մի քանի շաբաթ առաջ:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հերքում է ոստիկանության կողմից օգոստոսի 25-ին իր կայքէջում զետեղված տեղեկությունները, կտրականապես չի ընդունում իր աշխատակիցներին ուղղված բոլոր մեղադրանքները և վրդովմունքն է արտահայտում անմեղության կանխավարկածի հիմնարար սկզբունքների խախտման առիթով, որի զոհն է դարձել Ընկերությունը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հիշեցնում է, որ 2017-2031թթ. համար սակագների սահմանման պայմանագրային մեխանիզմները հաստատվել էին ՀՀ կառավարության կողմից և ամրագրվել էին 2016 թվականի նոյեմբերին ստորագրված Վարձակալության պայմանագրում: Այդ մեխանիզմները երբեք չեն վերանայվել:

«Վեոլիա Ջուր» ընկերությունն ընդգծում է, որ ուղղորդվում է համակարգում գործող էթիկայի կանոնակարգով և գնումների շատ խիստ ընթացակարգերով: Ընկերությունը միշտ գործում է օրենքներին, կանոնակարգերին և կիրառելի ընթացակարգերին համաձայն:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը ցավում է, որ չի կարողացել իր շահերը պաշտպանել իրավապահ մարմինների մոտ, որոնք կրկնում են Ընկերության մի քանի նախկին աշխատակիցների և մրցույթների արդյունքում չընտրված մատակարարների՝ ամիսներ շարունակ տևող արշավի շրջանակներում հնչեցրած մեղադրանքները:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը ջանք չի խնայի և չի թույլ տա, որպեսզի համակարգում իրավիճակի ապակայունացմանը միտված արշավը որևէ կերպ բացասական ազդեցություն ունենա Հայաստանի Հանրապետությունում մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների շարունակականության և որակի վրա:

Ի վերջո, «Վեոլիա Ջուր» ընկերությունն առավելագույնս ցածր սակագին պահպանելու համար լուծումներ է առաջարկում և ցանկանում է, որպեսզի կառավարությունը դադարեցնի Ընկերության հանդեպ կոշտ քննադատությունները:

Վեոլիա ջուր ՓԲԸ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *