Հասարակություն

Զինթոշակառուն դադարեցրել է հացադուլը․ ՊՆ-ը խոստացել է աջակցել

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, զինթոշակառու, 5 երեխայի հայր, ենթասպա Մխիթար Ալումյանը դեկտեմբերի 10-ից Պաշտպանության նախարարության շենքի մոտ հացադուլ էր հայտարարել։ Ալումյանն ասում էր, որ Պաշտպանության նախարարությունն իրեն նոր բնակարան էր խոստացել կամ բնակարանը վերանորոգել։ Ալումյանն հայտնել էր, որ նախարարությունը բնակարան տրամադրելու կամ բնակարանը վերանորոգելու համար գրություն է պատրաստած եղել։

Արդեն երեկ ՊՆ շենքի մոտ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ Ալումյանի բնակարանի համար ոչ թե գումարի տրամադրման գրություն է պատրաստված եղել, այլ ուղղակի գնահատում է կատարվել, թե որքան կարժենա վերանորոգումը։ Ըստ ՊՆ մամուլի խոսնակի՝ նախարարությունն ուղղակի պետք է քայլեր ձեռնարկեր, օրինակ, մի բարերարի գտներ՝ գումարը տրամադրելու համար։ «Ա1+»-ի հետ զրույցում այսօր Ալումյանն ասաց, որ առավոտյան ռազմական ոստիկանների ուղեկցությամբ գնացել է ռազմական ոստիկանություն, և ռազմական ոստիկանության պետի տեղակալի հետ է հանդիպել, որից հետո Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Միսակ Սահակյանի հետ։ «Խոսացինք, բարերար է ինչ-որ  հայտնվել, ում միջոցով մինչև գարուն տունս կամ սարքեն կամ նոր տուն գնեն ընտանիքիս համար։ Բացի այդ էլ աշխատանք խոստացան, մարտ ամսին Եղվարդի հացահատիկի ջրաղացում բանվորության աշխատանք՝ օրական 15.000 դրամով»,- նշեց նա։
Ալումյանն ասաց, որ համաձայնության են եկել, որ ինքը գալիս է տուն, իսկ պաշտպանության նախարարությունը կատարում է իր խոստումը․ «Նրանց մեջ նկատեցի, որ իրոք արդեն ուզում են ամեն ինչ անել, որովհետև իրենց բերանի խոսքն եմ ասում՝ «Մենք ուզում ենք հայի օջախ փրկենք, ոչ թե կործանենք»»։  Զինթոշակառուն նշեց, որ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղի ունեցածը կներկայացնի ժողովրդին։ Մեր հեռախոսազրույցից քիչ անց Ալումյանը զանգահարեց և ասաց, որ Աբովյանի ռազմական ոստիկանության պետ Ստյոպա Շերոյանի, ՌՈ աշխատակիցների ուղեկցությամբ բարերարի միջոցներով իր բնակարան է բերվել մոտ 20 տոպրակ սնունդ․ ամանորյա սեղանի համար մրգեղեն, ընդեղեն, տորթ, քաղցրավենիք, չարազեղեն, բաստուրմա, սուջուխ և այլն։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *