Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում գրանցվեց խոշոր անակնկալ:
Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի ընտրանին մեկնարկային խաղում 0:1 հաշվով պարտվեց Մեքսիկայի ազգային թիմին: Հաղթողների կազմում միակ գոլը 35-րդ րոպեին խփեց 22-ամյա հարձակվող Իրվինգ Լոսանոն: Մեքսիկացիներն առաջին անգամ հաղթեցին գերմանացի ֆուտբոլիստներին:
Հավելենք, որ Գերմանիայի հավաքականն այս խաղում կատարեց 26 հարված, որից 9-ը ուղիղ դարպասին, սակայն դրանցից ոչ մեկն էլ չհասավ նպատակին: Աշխարհի չեմպիոնները մեքսիկացի ֆուտբոլիստներին գերազանցել են նաեւ գնդակը պահելու ժամանակով, փոխանցումների քանակով, անկյունային եւ տուգանային հարվածներով:
Ի դեպ, Գերմանիայի ընտրանին աշխարհի առաջնության ընտրական եւ եզրափակիչ փուլերում պարտություն չէր կրել նախորդ 28 խաղերում, ընդ որում վերջին 15 հանդիպումներում թիմը միմիայն հաղթանակներ էր տարել:
0 Մեկնաբանություն