Ռուսաստանում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մրցումային երկրորդ օրը տեղի կունենան երեք հանդիպումներ:
Նախ Եկատերինբուրգում իրար հետ կհանդիպեն Եգիպտոսի եւ Ուրուգվայի հավաքականները, որոնք հանդես են գալիս Ա խմբում: Սա երկու թիմերի երկրորդ մրցախաղն է: 2006 թվականին ուրուգվայցիները ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթել էին «փարավոններին»:
Ըստ մասնագետների, հանդիպման ֆավորիտ համարվում է Ուրուգվայի հավաքականը, որը աշխարհի առաջնություններին մասնակցելու մեծ փորձ ունի: Սակայն 1970թ մեքսիկական մունդիալից հետո ուրուգվայցիները դեռեւս չեն կարողացել հաղթել մեկնարկային խաղերում՝ 3 ոչ-ոքի, 3՝ պարտություն: Եգիպտոս – Ուրուգվայ խաղը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 16:00-ին:
Օրվա երկրորդ հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում, որտեղ կմրցեն Բ խմբում հանդես եկող Մարոկոյի եւ Իրանի ազգային թիմերը: Կողմերն առաջին անգամ են պարզելու հարաբերությունները ֆուտբոլի դաշտում: Բուքմեյքերների կարծիքով հաղթանակ տանելու լավ հնարավորություն ունեն իրանցի ֆուտբոլիստները՝ 2,30 գործակից, մարոկացիների 4,00-ի դիմաց: Մարոկո – Իրան հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին:
Այսօր տեղի կունենա խմբային փուլի կենտրոնական խաղերից մեկը: Սոչիում միմյանց հետ կհանդիպեն Բ խմբի երկու ֆավորիտները՝ Իսպանիայի եւ Պորտուգալիայի ընտրանիները: Սա երկու թիմերի թվով 37-րդ հակամարտությունն է: Իսպանացիները նախկինում 17 անգամ հաղթել են իրենց հարեւաններին՝ կրելով ընդամենը 6 պարտություն:
Պորտուգալիայի հավաքականում չնայած հանդես է գալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն, սակայն բուքմեյքերները ավելի շատ հավատում են Իսպանիայի ընտրանու հաղթանակին՝ 1,90 գործակից՝ 4,60-ի դիմաց: Իսպանիա – Պորտուգալիա խաղը կկայանա ժամը 22:00-ին:
0 Մեկնաբանություն