Սպորտ

ԱԱ-2018. Ֆրանսիայի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթեց Ավստրալիայի թիմին

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր առաջինը խաղադաշտ մտան Ֆրանսիայի – Ավստրալիայի հավաքականները:

Կազանում կայացած հանդիպումը երկկակի տպավորություն թողեց: Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, եւ կողմերից ոչ մեկին չհաջողվեց լուրջ գոլային պահ ստեղծել: Ընդմիջումից հետո ֆրանսիացիները սկսեցին ավելի մեծ ուժերով գրոհել: Արդյունքում, 58-րդ րոպեին նրանք 11մ հարվածի իրավունք ստացան, ընդ որում գլխավոր մրցավարը նման որոշում կայացրեց այդ պահի տեսագրությունը դիտելուց հետո: Անտուան Գրիզմանը վստահ իրացրեց հարվածը եւ առաջ մղեց իր թիմին: Սակայն, Ավստրալիայի հավաքականը շատ արագ կարողացավ վերականգնել հավասարակշռությունը: 62-րդ րոպեին ավստրալացիները նույնպես 11 մ հարվածի իրավունք նվաճեցին, եւ թիմի ավագ Միլե Եդինակը հավասարեցրեց հաշիվը:

Ավելի բարձր կարգ ունեցող Ֆրանսիայի հավաքականը, այնուամենայնիվ, կարողացավ բեկում մտցնել խաղի մեջ եւ հաղթանակ կորզել: Հանդիպման 81-րդ րոպեին Պոլ Պոգբան հաշվենկատ հարվածով գնդակը մրցակցի դարպասապահի վրայով ուղարկեց դարպասը: Գոլից հետո ավստրալացիները մեծ ուժերով նետվեցին առաջ եւ փորձեցին փրկել խաղը, սակայն՝ ապարդյուն:

Այդպիսով, Ֆրանսիայի հավաքականը 2:1 հաշվով դժվար հաղթանակ տարան եւ սկսեցին գլխավորել C խմբի աղյուսակը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *