Սպորտ

Ամեն անգամ գալով՝ վերալիցքավորվում եմ, ուժերս հավաքում եմ, կարոտս առնում եմ և փորձում եմ նոր ուժերով մրցաշրջանը մեկնարկել:

Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է մայիսի 29-ին և հունիսի 4-ին Ավստրիայում կայանալիք ստուգողական հանդիպումներին:

Մայիսի 23-ին մեր ազգային թիմը ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում բաց մարզում է անցկացրել: Պարապմունքից հետո հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը զրուցել է լրագրողների հետ:

 - Ի՞նչ մարզավիճակում եք գտնվում:

 - Կարելի է ասել նորմալ մարզավիճակում եմ՝ չնայած վերջին խաղն անցկացրել եմ 10 օր առաջ: Կարող եմ ասել, որ պահպանել եմ ֆիզիկական վիճակս, գիտակցել եմ, որ 10 օր ազատ եմ լինելու, ինձ վրա աշխատել եմ:

 - Առաջիկա մրցակիցների մասին ի՞նչ կասեք:

 - Դեռ չենք ուսումնասիրել: Ճիշտ է՝ խաղացել ենք այդ հավաքականների հետ, բայց երևի շատ փոփոխություններ են ունեցել, ինչպես մենք: Դեռ ժամանակ կա, մարզիչը մեզ կծանոթացնի մրցակիցներին:

 - Հավաքականի գլխավոր մարզիչը դարձյալ Վարդան Մինասյանն է. ինչպիսի՞ն են սպասելիքները:

 - Սպասելիքները շատ են: Հենց ինքը նույնպես մեծ սպասելիքներ ունի մեզնից: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի պատվով խաղանք և այս հնարավորությունն օգտագործենք: Դժվար է, հեշտ չի լինելու, բայց կփորձենք ամեն ինչ անել:

 - Հավաքականի նորեկների մասին ի՞նչ տպավորություն ունեք:

 - Մի քանի բառ ենք խոսել, շատ ժամանակ չի եղել ծանոթանալու: Տեսանյութեր եմ դիտել, բայց շփվելու, համագործակցելու տարբերությունն այլ է: 

 - Երկար դադարից հետո Մովսիսյանը դարձյալ հրավիրվել է. ճիշտ է՝ այժմ վնասվածք ունի. համագործակցությունը կստացվի՞:

 - Հույս ունեմ՝ իհարկե կստացվի: Եթե մարզիչը հրավիրել է, ուրեմն արժանի է դրան: Ցավոք չկա այս հավաքին, բայց կարծում եմ, որ հետագայում կօգնի:

 - «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնին հրաժեշտ է տվել Վենգերը...:

 - Դժվար էր հրաժեշտ տալ: Ընդամենը 6 ամիս եմ աշխատել Վենգերի հետ. տպավորությունները շատ-շատ մեծ էին թե՛ որպես մարզիչ, թե՛ որպես մարդ: Ցավով նրան ճանապարհեցինք: Կարող ենք միայն բարի գալուստ մաղթել նոր մարզչին, ում հետ դեռ չեմ խոսել: Հուսով եմ նա «Արսենալին» կօգնի բարձրանալ:

 - Ինչպե՞ս է Լոնդոնում կյանքը:

 - Շատ լավ է: Բոլորը գիտեն, որ Լոնդոնը յուրահատուկ քաղաք է, տարբերվում է բոլոր քաղաքներից՝ շատ պոզիտիվ է և լավը: Եղանակը միշտ մռայլ է, բայց դա չի ազդում տրամադրության վրա: Ազատ ժամանակ փորձում եմ հնարավորինս շատ հանգստանալ:

 - Մի քանի օր է վերադարձել եք Երևան. նոր Հայաստանի զգացողություն ունե՞ք:

 - Նոր Հայաստան չկա. Հայաստանը միշտ եղել է և կմնա. չկա հին ու նոր, կա Հայաստան: Ամեն անգամ գալով՝ վերալիցքավորվում եմ, ուժերս հավաքում եմ, կարոտս առնում եմ և փորձում եմ նոր ուժերով մրցաշրջանը մեկնարկել:

Նյութի աղբյուրը՝ այստեղ: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *