Սպորտ

Ֆրանսիայի հավաքականը՝ աշխարհի 2018թ աշխարհի չեմպիոն

Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը դարձավ մրցաշարի իսկական զարդը։

Ֆրանսիայի եւ Խորվաթիայի հավաքականները հենց սկզբից դիմեցին ակտիվ գործողությունների եւ փորձեցին արագ գոլ խփել։ Դա առաջինը հաջողվեց Ֆրանսիայի հավաքականին, սակայն նրան օգնության ձեռք մեկնեց Խորվաթիայի ընտրանու հարձակվող Մարիո Մանջուկիչը, որը պաշտպանվելիս ակամայից գրավեց սեփական դարպասը։

Խորվաթները նույնպես արագ գոլ խփեցին այս խաղում։ 28-րդ րոպեին տուգանային հարվածի խաղարկությունից հետո աչքի ընկավ Իվան Պերիշիչը։ Սակայն տասը րոպե անց ֆրանսիացիները 11մ հարվածի իրավունք ստացան, որը վստահ իրացրեց Անտուան Գրիզմանը։

Երկրորդ խաղակեսում Խորվաթիայի ընտրանին էլ ավելի մեծ ուժերով սկսեց գրոհել, սակայն դրանից ավելի շատ օգտվեց Ֆրանսիայի ընտրանին, որը երկու սուր հակագրոհների հաշվին եւս երկու գոլ խփեց։ Աչքի ընկան Պոլ Պոգբան ու Կիլիան Մբապեն։

Խորվաթների հարձակվող Մարիո Մանջուկիչը 69-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը։ Մնացած ժամանակում նրանք շարունակում էին անընդհատ գրոհել, սակայն այդպես էլ չկարողացան նոր հաջողության հասնել։

Այդպիսով, Ֆրանսիայի հավաքականը պահպանեց 4։2 հաղթական հաշիվը եւ իր պատմության մեջ երկրորդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն։0

 Խորվաթիայի ընտրանին իր կարճատեւ պատմության ընթացքում առաջին անգամ դարձավ աշխարհի առաջնության փոխչեմպիոն։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *