Սպորտ

Հակոբ Մկրտչյանը՝ աշխարհի չեմպիոն

Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 89 կգ քաշային կարգում հանդես եկող Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ (167+208) արդյունքով դարձավ աշխարհի չեմպիոն: 

Պոկում վարժությունում Հակոբ Մկրտչյանը առաջին մոտեցմամբ կարողացավ իր գլխավերւում պահել 163 կիլոգրամանոց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը բարձրացրեց նաև 167 կգ ծանրաձողը, սակայն երրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 170 կլիոգրամանը և պոկում վարժությունում բավարարվեց 4-րդ տեղով: 

Հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանը առաջին մոտեցման համար պատվիրել էր 204 կլիոգրամանոց ծանրաձող, որը կարողացավ հաջողությամբ բարձրացնել: Երկրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը կարողացավ իր գլխավերևում պահել 208 կիլոգրամը: Եվ քանի որ իրանցի Ալի Միրին անհաջողություն գրանցեց 212 կգ ծանրաձողը բարձրացնելիս, Հակոբ Մկրտչյանը առանց երրորդ մոտեցումը կատարելու հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Հարկ է նշել, որ հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանը արծաթ նվաճեց, քանի որ B խմբում 208 կգ բարձրացրած ճապոնացի Տոշիկի Յամամոտոն անձնական քաշով զիջում էր նրան: Ինչևէ, դա չխանգարեց հայ ծանրորդին դառնալ աշխարհի չեմպիոն: Իրանցի Ալի Միրին հռչակվեց փոխչեմպիոն, իսկ վրացի Ռևազ Դավիտաձեն՝ բրոնզե մեդալակիր:

89 կգ քաշային կարգում էր հանդես գալիս նաև Եվրոպայի 2019թ. առաջնության բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը, որին երկամարտի 355 կգ արդյունքով չհաջողվեց մրցանակային տեղ գրավել:

Հիշեցնենք, որ 22-ամյա Հակոբ Մկրտչյանը 2019թ. ապրիլին հաղթել էր նաև Եվրոպայի առաջնությունում: Բացի այդ, հայ ծանրորդը 2014թ. պատանեկան Օլիմպիական խաղերի և 2018թ. Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն է:

Աշխարհի ընթացիկ առաջնությունում Հակոբ Մկրտչյանի նվաճած մեդալները առաջինն էին ծանրամարտի Հայաստանի հավաքականի համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *