Սպորտ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արտահերթ ասամբլեայի նիստում իր կազմից հեռացրել է «ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան արձագանքել է նախարարության կոչին

 

 

 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան այսօր արձագանքել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արված կոչին՝ կապված ֆեդերացիային ՀԱՕԿ-ի կազմից հեռացնելուն:

«ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան ողջունում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կոչը ՀԱՕԿ-ին՝ զերծ մնալ խնդրահարույց նախաձեռնություններից ու չփորձել արհեստականորեն մի ֆեդերացիան փոխարինել մյուսով, սակայն մենք համաձայն չենք 3-րդ կետում նշված հայտարարության հետ, որտեղ նշված է, որ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան ականջալուր չի ԱԻԲԱ-ի հորդորին և անգործության և անտարբերության է մատնել նախագահի նոր ընտրություն կազմակերպելու աշխատանքները:

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան վերջին գրությունը, որ ստացել է ԱԻԲԱ-ից, ս/թ մարտի 27-ին Թերրի Սմիթի կողմից ուղարկված նամակն է: Վերջինս ներկայացնում ենք Ձեզ, որտեղ նախագահի նոր ընտրություն կազմակերպելու բացարձակ ոչ մի պահանջ չկա:

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան այս տարիների ընթացքում աշխատել և աշխատում է բացառապես օրենքին համապատասխան», - նշված է ՀԲՖ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այսօր արտահերթ ասամբլեայի նիստում «ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ին հեռացրել է իր կազմից, իսկ նորաստեղծ «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ին ընդունել որպես ժամանակավոր անդամ։ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այդ կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որի 3-րդ կետը դուր չի եկել անգամ պաշտպանվող կողմին՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային:

Այս ամենը հիշեցնում է Իվան Կռիլովի «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» առակը: Արդյունքում, տուժում են հենց բռնցքամարտիկներն ու նրանց մարզիչները, որոնք հայտնվում են անորոշության մեջ եւ չգիտեն, թե ում ականջալուր լինեն՝ ՀԱՕԿ-ին, ԿԳՄՍ-ին, թե՝ ՀԲՖ-ին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *