Ծաղկաձորում ավարտվել է Հայաստանի բոչիայի 2018 թվականի բաց առաջնությունը, որն անցկացվեց դեկտեմբերի 9- 13-ը: Կազմակերպիչը «Լիարժեք կյանք» ՀԿ-ն էր՝ «Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի» հետ համագործակցությամբ և ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության ֆինանսական աջակցությամբ՝ «Բոչիան հանուն հավասար հնարավորությունների և առողջ ապրելակերպի» ծրագրի շրջանակներում: Առաջնությանը մասնակցել են «Ձեզ համար», «Էմիլի արեգակ», «Լիարժեք կյանք», «Հայկական ճամբար», «Փյունիկ», «Հայաստանի մանուկներ հիմնադրամ» և «Երեխաների աջակցության հիմնադրամ», «Սկարպ» թիմերը՝ ՀՀ-ից, «Ք. Քոկսի վերականգնողական կենտրոն» թիմը՝ Արցախից և «ПараПлан» թիմը՝ ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքից: Առաջնության գլխավոր մրցավարն էր Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը:
Թիմային ու անհատական մրցակարգերում լարված ու համառ պայքարի արդյունքում գրանցվել են հետևյալ արդյունքները. թիմային մրցակարգում 3-րդ հորիզոնական՝ «Ք. Քոկսի վերականգնողական կենտրոն» թիմը՝ Արցախից/ ք. Ստեփանակերտ/, 2-րդ հորիզոնական՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի թիմը՝ Արմավիր քաղաքից, 1-ին պատվավոր հորիզոնական՝ «Պարապլան» թիմը ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքից:
Անհատական մրցակարգի BC 1 դասակարգում 1-ին հորիզոնականում է հայտնվել Նարեկ Գասպարյանը /ք. Երևան/, 2-րդ հորիզոնականում՝ Արտյոմ Հովհաննիսյանը /ք. Գյումրի/, 3-րդ հորիզոնականում՝ Ալեքս Գրիգորյանը /ք. Վանաձոր/:
BC 2 դասակարգում 1-ին տեղում էր Դմիտրի Ռազումկովը /ք.Նիժնի Նովգորոդ/, 2-րդ տեղում՝ Սարգիս Հակոբյանը /ք. Արմավիր/, իսկ 3-րդ տեղում՝ Միքայել Պետրոսյանը /ք. Ստեփանակերտ/: Իսկ ահա BC 5 դասակարգում ձևավորվել է հետևյալ պատկերը՝ 1-ին տեղ՝ Սերյոժա Մելքոնյան /ք. Ստեփանավան/, 2-րդ տեղ՝ Մհեր Զալինյան /ք. Երևան/, 3-րդ տեղ՝ Նարեկ Հասրաթյան /ք. Երևան/
Համառոտ տեղեկություններ բոչիա մարզաձևի մասին
1984 թվականի նյու- յորքյան Պարալիմպիկ խաղերից հետո, բոչիան համարվում է պարալիմպիկ մարզաձև՝ նախատեսված ստորին և վերին վերջույթների կոորդինացիայի խնդիր ունեցող անձանց համար: Խաղի արմատները գալիս են Հին Հունաստանից, որտեղ խաղացողները մեծ քարեր էին նետում դեպի թիրախ համարվող քարը: Բոչիա/ boccia/ անվանումը ծագում է լատիներեն “bottia” բառից, որ նշանակում է «գնդակ», եւ արտասանվում «բոտչա»: Ներկայում բոչիա խաղում են ավազով լցված գնդակներով` փորձելով գնդակները նետել թիրախ համարվող սպիտակ գնդակին , որքան հնարավոր է մոտ: Հաղթողը որոշվում է թիրախին ավելի մոտ գցած գնդակների քանակով:
0 Մեկնաբանություն