Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի մայրը խայտառակություն է համարում ՀՖՖ արտահերթ ժողովը (տեսանյութ)

Մինչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանը ճեպազրույց է տալիս, Հենրիխ Մխիթարյանի մայրը խայտառակություն է որակում ՀՖՖ արտահերթ ժողովը:
ՀՖՖ արտահերթ ժողովը դեռ չէր ավարտվել, երբ լրագրողներին է մոտեցել ու իր վրդովմունքն արտահայտել ֆեդերացիայի նախկին աշխատակից և գործկոմի արդեն նախկին անդամ, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը:
«Սա խայտառակություն է: Ես ավելի քան 40 տարի ֆուտբոլում եմ և նման բան երբեք չեմ տեսել: Քվեարկության ժամանակ ես հասկացա, թե ինչ է կատարվում: Ոչ ֆուտբոլային մարդիկ, գուցե, չհասկանան, բայց նրանք, ովքեր ֆուտբոլում են, հասկանում են»,- ասաց նա:
Հարցին՝ կոնկրետ ու՞մ է մեղադրում կամ ինչու՞ է կատարվածը խայտառակություն համարում, Մարինա Թաշչյանը պատասխանեց. «Երևի դուք էլ  նկատած կլինեք, որ ամեն ինչ պայմանավորված էր բոլոր ակումբների հետ: Ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ պայմաններ են առաջարկել, որ ակումբներն այդպես որոշեցին: Բայց միայն այն, որ Մելիքբեկյանի շտաբը գտնվում էր ֆեդերացիայի շենքում, արդեն բավական էր, որ ամեն ինչ հասկանայիր:Իմ կարծիքով, պարոն Մելիքբեկյանը պետք է նախ արձակուրդ վերցներ, այս քանի օրը աշխատանքի չգար: Թե չէ՝ նա նստում է ֆեդերացիայի շենքում, ընդունում, բանակցություններ է վարում անկախ համարվող կազմակերպությունների հետ: Ես որքան տեղյակ եմ, Թովմաս Գրիգորյանը Արմեն Մելիքբեկյանին առաջարկել է արձակուրդ վերցնել: Եթե որոշեցին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտը կասեցնել, ինչո՞ւ նույն հիմքով չկասեցրեցին ակադեմիան, որը նույնպես ֆեդերացիայի կառույց է:
Ես 40 տարի ֆուտբոլում եմ և իմ թեկնածությունը առաջադրվել էր «Նորացված Փյունիկ»-ից: Նրանք ամեն ինչ արեցին, որ «Նորացված Փյունիկը», որի ղեկավարը Ռուբեն Հայրապետյանի որդին է,  չմասնակցի ընտրություններին: Երևի ես նրանց խանգարում եմ»: Տիկին Մարինան ասաց, որ չգիտի, թե ֆեդերացիայի այս նոր կազմով հայկական ֆուտբոլն ինչպես է զարգանալու: «Ժամանակը ցույց կտա: Բայց ինձ թվում է, որ ֆուտբոլն այս վիճակում Հայաստանում չի զարգանա: Ես գտնում եմ, որ մինչև ընտրությունները ակումբների վրա ճնշում եղել է»:

Գնահատելով ՀՖՖ նախագահ ընտրված Արմեն Մելիքբեկյանի որակները՝ Մարինա Թաշչյանը նշեց. «Շատ լավ խոսում է: Մնում է տեսնենք, թե գործում ինչ է անելու»:
Հիշեցնենք` ՀՖՖ նախագահ է ընտրվել ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Արմեն Մելիքբեկյանն ստացել էր 13 ձայն, Վանաձորի «Լոռի» ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը՝ 7 ձայն։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *