Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը այսօրվա մամուլի ասուլիսում ըստ էության կրկին ձեռնոց նետեց ֆուտբոլասեր հասարակությանը: Վերջին 16 տարիներին հայկական ֆուտբոլը կործանած, արյունալի միջադեպերի հետ առնչություն ունեցող սույն անձը հայտարարեց, որ իր համար ոչինչ չի փոխվել և Նոր Հայաստանում անելու է այն, ինչ ուզում է:
«Չկա մի մարդ, որը կարա ինձի պարտադրի հեռանամ: Ոնց եք պատկերացնում որ ես հեռանամ: Ձեր կամ ուրիշի ասելո՞վ: Քաղաքական հարցեր մի տուր»,- ասաց Հայրապետյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին: Կարելի է ասել, որ թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր Հայաստանում Ռուբեն Հայրապետյանն առաջին օլիգարխն է, որը համարձակություն ունեցավ հրապարակավ հայտարարելու, որ բեսպրեդելի դեմ այսպես ասած խաղ չկա: Սերժ Սարգսյանի հենասյուններից մեկը հանդիսացող Հայրապետյանն իրեն այսօր էլ իր իրավունք է վերապահում հրապարակավ վիրավորել լրագրողին, լրատվամիջոցին ակումբի նախագահին:
Ըստ Հայրապետյանի «Առաջին լրատվական»-ը հերյուրանքներ է տարածում, կատարում քաղաքական պատվեր՝ փորձելով նսեմացնել ՀՖՖ-ին և նրա նախագահին: Իսկապես, զարմանալի է, որ պատվերի ու հերյուրանքների մասին խոսում է այն մարդը, որը 2002 թվականից ոչ միայն ոչնչացնում է մեր ֆուտբոլն, այլև տեռորի ենթարկում այն: 16 տարիների ընթացքում արատավոր երևույթներն այնքան շատ են, որ դրանք թվարկելու համար երկար ժամանակ կպահանջվի: Հիշենք միայն, որ ասուլիսների ժամանակ լրագրողների հետ «դուխով» խոսող ՀՖՖ-ի նախագահը ժամանակին իր թիմին՝ «Փյունիկին», Մոսկվայից փախցրել էր Բաքվի «Նեֆթչիի» հետ հանդիպումից՝ կերտելով հայկական ֆուտբոլի պատմության ամենախայտառակ էջերից, եթե ոչ ամենախայտառակ էջը:
«Բացի «Շիրակի» ակումբի նախագահից, մյուս բոլոր ակումբների ղեկավարները քաղաքական նկատառումներով չեն ֆուտբոլային ակումբ պահում: Թող ուշադրություն դարձնեն, թե ինչի համար է այդ մարդն աղմուկ բարձրացրել: «Բանանց» ակումբը ներկայացրել է բողոք, ի՞նչ է, մենք պետք է ընթացք չտայի՞նք: Ինչո՞ւ պետք է դիմեինք իրավապահ մարմիններին: Եթե նրանք ցանկություն ունեն, թող քննեն և եթե հայտնաբերեն հանցագործության տարրեր, դա իրենց գործն է: Ֆեդերացիան ոստիկանության կամ իրավապահ մարմինների հետ համագործակցող կառույց չէ: ՀՖՖ կարգապահական կոմիտեն առավելագույնս մեղմ պատիժ է կիրառել: Շատ կուզեի, որ այդ մեղադրանքներ հնչեցնողները, պատվերով հոդվածներ գրողները շանտաժի չենթարկվեն: Եթե, օրինակ, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուն կամ խաղացողը հակաֆուտբոլային քայլ է կատարում, ո՞վ է տուգանվում: Բնականաբար ակումբը, ուստի այլ հարցերն անիմաստ են»,-ասում էր Ռուբեն Հայրապետյանը:
Ի՞նչ է նշանակում ՀՖՖ-ն իրավապահների հետ համագործակցող կառույց չէ: Իսկ ի՞նչ կառույց է կիսագողակա՞ն: Լավ, եթե Ֆուտբոլի ֆեդերացիան իրավապահ մարմինների հետ համագործակցող կառույց չէ, ապա ինչու էր Ռուբեն Հայրապետյանն այս տարվա հունվարին դիմել իրավապահ մարմիններին և ԱԱԾ: Նա հաղորդում էր ներկայացրել, ըստ որի, կասկածվում էր, որ 2017 թ. նոյեմբերի 20-ին կայացած Հայաստանի Առաջին խմբի 2017-18 մրցաշրջանի առաջնության 12-րդ տուրի «Լոռի»-«Էրեբունի» հանդիպման հաշիվը, հնարավոր է, որ պայմանավորված է եղել: Այդ խաղում «Լոռին» հաղթել է 5:0 հաշվով: Ի դեպ, այս ամենը չէր վիրպել նաև ՈւԵՖԱ-ի աչքից: Կարծում ենք ՀՖՖ նախագահի ինքն իրեն հակասելու փաստն ակնհայտ է: Այսինքն Հայրապետյանը դիմում է իրավապահներին այն ժամանակ երբ ձեռնտու է:
«Բեսպրեդելի» ևս մեկ վառ օրինակ: Այսքանից հետո Հայրապետյանը խոսում է հայկական ֆուտբոլի վարկանիշի և բարի համբավի մասին: Ֆուտբոլը հասարակությանը մոբիլիզացնող հզոր մի գործոն է: 16 տարի քանդելով ֆուտբոլը՝ Հայրապետյանը հասել է մի կետի, երբ առաջացած ցեխի և կեղտի մեջ ոչ բոլոր են ցանկանում մտնել: Այդուհանդերձ հասկանալ է հարկավոր, որ այս ամենին պետք է վերջ տրվի: Մեր երկրում քչերն էին հավատում, որ Սերժ Սարգսյանի ստեղծած ռեժիմը կարող է ոչ միայն ճաքեր տալ, այլ փլուզվել:
Այսօր Սերժ Սարգսյանը այլևս մեր երկրի առաջին դեմքը չէ և գտնվում ենք փոփոխությունների կարևորագույն մի հանգրվանում: Գիտակցել է պետք, որ ֆուտբոլը շատ կարևոր մի օղակ է մեզ համար, որն ունի փրկության կարիք: Շատերը կհամաձայնեն, որ ֆուտբոլը երկրպագուին վերադարձնելու գործընթացին առաջին հերթին պետք է մասնակցեն ֆուտբոլասերները:
0 Մեկնաբանություն