Հայաստանի լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը կպայքարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թափուր պաշտոնի համար։
«Ֆուտբոլի ֆեդերացիայից դեռ փաստաթուղթ չենք ստացել կապված նախագահական ընտրությունների հետ, չգիտենք ինչ կանոնակարգով է անցկացվելու այն։ Անկախ ամեն ինչից, ես դնելու եմ իմ թեկնածությունը ՀՖՖ նախագահի ընտրություններում։ Այժմ աշխատում ենք ֆուտբոլի զարգացման ծրագրի վրա», - «Ա1+»-ին ասել է Խորեն Հովհաննիսյանը, որը նորաստեղծ Երևանի «Անի» ֆուտբոլային ակումբի նախագահն է։ Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) քիչ առաջ նշել է, թե ինչ կարգով են ընտրվելու ֆեդերացիայի նախագահը և գործկոմը։
ՀՖՖ-ն մինչև դեկտեմբերի 23-ը պետք է ավարտի ՀՖՖ անդամ 34 ՀԿ-ների զտման գործընթացը, որից հետո տեղի կունենա ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի 16 անդամների ընտրությունը։
Գործադիր կոմիտեն ՀՖՖ քարտուղարության զեկույցների հիման վրա մոտակա նիստի ընթացքում կորոշի, թե որ ՀԿ-ների անդամակցությունն է կասեցվելու։ Մինչև դեկտեմբերի 2-ը ՀԿ-ները պետք է ներկայացնեն 1-ական թեկնածու գործկոմի անդամի և ՀՖՖ նախագահի պաշտոնի համար։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ներկայացրեց հրաժարական։ Գործադիր կոմիտեի կազմը կլուծարվի դեկտեմբերի 23-ին։
0 Մեկնաբանություն