Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթանակ է գրանցել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի նկատմամբ

Շախմատի Ազգերի գավաթի առցանց խաղարկության 5-տուրում Եվրոպայի հավաքականը ներկայացնող Լևոն Արոնյանը վստահ հաղթանակ է տարել աշխարհի հավաքականը ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հանդեպ:

Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը բավական ակտիվ սկսեց և դիրքային առավելություն ստացել: Վերջնախաղում Լևոն Արոնյանն նաև զինվոր է շահել: Երկարատև պայքարից հետո, 88-րդ քայլին, մեր շախմատիստը մրցակցին ստիպել է կանգնեցնել ժամացույցը:

Այդպիսով, Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել մրցաշարում՝ իր թիմի համար վաստակելով հերթական միավորը: Ի դեպ, այն օգնել է Եվրոպայի հավաքականին 2,5:1,5 հաշվով առավելության հասնել աշխարհի հավաքական թիմի նկատմամբ:

5 տուրից հետո աղյուսակը 9 միավորով շարունակում է գլխավորել Չինաստանը: Եվրոպայի հավաքական թիմը 7 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Ապա հաջորդում են 5-ական միավոր ունեցող Ռուսաստանի և ԱՄՆ-ի թիմերը:

Այսօր նախատեսված 6-րդ տուրում Եվրոպայի հավաքականը կհանդիպի Ռուսաստանի հետ:

Հիշեցնենք, որ շախմատի միջազգային ֆեդերացիան և Chess.com հարթակը մայիսի 5-ից անցկացնում են շախմատի Ազգերի գավաթի առցանց թիմային մրցաշար, որին մասնակցում է 6  հավաքական:

Մրցաշարն անցկացվում է 2 փուլով: Նախ թիմերը շրջանաձև մրցակարգով խաղալու են իրար հետ՝ օրական անցկացնելով 2 տուր: 10 փուլից հետո առաջին 2 տեղերը գրաված հավաքականները մայիսի 10-ին եզրափակիչ մրցամարտում կորոշեն Ազգերի առաջին գավաթակրին:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *