Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային

Շախմատի Ազգերի գավաթի առցանց խաղարկության 5-տուրում Եվրոպայի հավաքականը ներկայացնող Լևոն Արոնյանը վաստահ հաղթեց աշխարհի հավաքականը ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջային:

Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը բավական ակտիվ սկսեց և դիրքային առավելություն ստացավ: Վերջնախաղում Լևոն Արոնյանն նաև զինվոր շահեց: Երկարատև պայքարից հետո, 88-րդ քայլին, մեր շախմատիստը մրցակցին ստիպեց կանգնեցնել ժամացույցը:

Այդպիսով, Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ մրցաշարում և իր թիմի համար վաստակեց հերթական միավորը: Ի դեպ, այն օգնեց Եվրոպայի հավաքականին 2,5:1,5 հաշվով առավելության հասնել աշխարհի հավաքական թիմի նկատմամբ:

Հինգ տուրից հետո աղյուսակը 9 միավորով շարունակում է գլխավորել Չինաստանը: Եվրոպայի հավաքական թիմը 7 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Ապա հաջորդում են 5-ական միավոր ունեցող Ռուսաստանի և ԱՄՆ-ի թիմերը:

Այսօր նախատեսված 6-րդ տուրում Եվրոպայի հավաքականը կհանդիպի Ռուսաստանի հետ:

 

Հիշեցնենք, որ շախմատի միջազգային ֆեդերացիան և Chess.com հարթակը մայիսի 5-ից անցկացնում են շախմատի Ազգերի գավաթի առցանց թիմային մրցաշար: Դրան մասնակցում են վեց հավաքականներ:

Մրցաշարն անցկացվում է երկու փուլով: Նախ թիմերը շրջանաձև մրցակարգով կխաղան իրար հետ՝ օրական անցկացնելով երկու տուր: Տասը փուլից հետո առաջին երկու տեղերը գրաված հավաքականները մայիսի 10-ին եզրափակիչ մրցամարտում կորոշեն Ազգերի առաջին գավաթակրին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *