«Լոռի» ՖԱ պաշտոնական կայքէջում ակումբի հիմնադիրը կոչով դիմում է երկրպագուներին.
Սիրելի ֆուտբոլասերներ,
Չէի կարող չարձագանքել վերջին շրջանում ստացվող բազմաթիվ արձագանքներին, որոնցում արտահայտում եք Ձեր դժգոհությունը «Լոռի»-ի ելույթների հետ կապված:
Անչափ բարձր եմ գնահատում ու կարևորում Ձեր ակտիվությունն և հավաստիացնում, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Ձեր մեկնաբանություններին և հետևություններ անում: Այնուհանդերձ, ցանկանում եմ հիշեցնել, որ ակումբի վերաբացումից հետո առաջին մրցաշրջանն է անցկացնում Բարձրագույն խմբում և նույնիսկ, եթե վատագույն սցենարի դեպքում զբաղեցնի հինգերորդ հորիզոնականը, դա նույնպես լավագույն արդյունքը «Լոռի»-ի պատմության ընթացքում:
Ակումբը վերաբացելիս ես խոստացել էի, որ մենք միասին պետք է պատմություն կերտենք և այժմ քայլ առ քայլ ենք գնում այդ ճանարհով: Լոռու մարզի ֆուտբոլի պատմության ընթացքում նոր պատմական էջ գրելու հնարավորություն ունենք մի քանի օր անց՝ մայիսի 8-ին, երբ «Լոռի»-ն կանցկացնի Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը: Գիտակցելով առաջնությունում ստեղված բարդ իրավիճակը՝ մենք արդեն սկսել ենք կենտրոնանալ տարվա կարևորագույն խաղի՝ գավաթի եզրափակչի վրա: Դա էր պատճառը, որ «Արցախ»-ի դեմ նախորդ խաղում մեր թիմի մարզիչը կազմի ռոտացիայի էր դիմել: Չնայած նրան, որ մեր թիմը միշտ ձգտում է լավագույն արդյունքին, «Բանանց»-ի դեմ հաջորդ խաղում նույնպես կազմում փոփոխություններ կլինեն:
Կոչ եմ անում հաշվի առնել այս ամենը, չհիասթափվել վերջին անհաջողություններից և թիմի կողքին լինել մրցաշրջանի կարևորագույն խաղում: Հայաստանի գավաթը Վանաձոր բերելու և առաջին անգամ եվրոպական ասպարեզում հանդես գալու մեր միասնական նպատակը հնարավոր է իրագործել միայն Ձեր աննկարագրելի աջակցության շնորհիվ:
Ցանկացած հայկական ակումբ կերազեր ունենալ Ձեզ նման երկրպագուներ: Մեր հաջողությունները զարգացնելու և դրանք շարունակական դարձնելու գլխավոր շարժիչ ուժը հենց Ձեր աջակցությունն է:
Ակումբի բոլոր երկրպագուներին խնդրում եմ մայիսի 8-ին գալ մարզադաշտ, լինել թիմի կողքին, քանի որ միայն Ձեր աջակցության շնորհիվ է հնարավոր հաղթել այս կարևոր խաղում և իրականացնել պատմություն կերտելու մեր նպատակը:
«Լոռի» ՖԱ հիմնադիր,
Թովմաս Գրիգորյան
0 Մեկնաբանություն