Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի վերջին խաղում Կոլումբիայի հավաքականը պարզապես ջախջախեց Լեհաստանի ընտրանուն:
Կազանում կայացած հանդիպումն անցավ հարավամերիկացի ֆուտբոլիստների բացահայտ առավելությամբ: Կոլումբիացի պաշտպան Յերի Մինան խաղի 40-րդ րոպեին գլխի հարվածով բացեց հաշիվը: Երկրորդ խաղակեսի միջնամասում, հինգ րոպեի տարբերությամբ, աչքի ընկան արդեն նրա թիմակիցներ Ռադամել Ֆալկաոն ու Խուան Կուադրադոն: Լեհաստանի հավաքականը ամբողջ խաղի ընթացքում այդպես էլ չկարողացավ ռեալ գոլային պահ ստեղծել Օսպինայի պաշտպանած դարպասին:
Այդպիսով, Կոլումբիայի հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ եւ վաստակեց առաջին երեք միավորները: Թիմը կշարունակի փլեյ-օֆֆի ուղեգրի համար պայքարը, իսկ ահա Լեհաստանի ընտրանին երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում եւ ժամանակից շուտ կավարտի ելույթները:
0 Մեկնաբանություն