Սպորտ

ՈւԵՖԱ-ն ցմահ որակազրկել է «Քարաբախ»-ի մամլո քարտուղար Նուրլան Իբրահիմովին՝ հայերին սպանելու կոչերի համար

ՈւԵՖԱ-ն ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին ցմահ որակազրկել է ֆուտբոլային գործունեություն իրականացնելու իրավունքից:

Նման որոշում ընդունել է ՈւԵՖԱ-ի էթիկայի վերահսկիչ և կարգապահապան կոմիտեն: Բացի այդ ՈւԵՖԱ-ն 100.000 եվրոյով է տուգանել «Քարաբախ» ֆուտբոլային ակումբին:

Ավելի վաղ` ՀՖՖ-ն բազմաթիվ բողոքներ էր ներկայացրել ՈւԵՖԱ և ՖԻՖԱ՝ ադրբեջանական ֆուտբոլի ամենատարբեր ներկայացուցիչների ռազմատենչ հրապարակումների, միլիտարիստական պահվածքի, հայատյաց գրառումների վերաբերյալ: ՀՖՖ հաղորդագրության մեջ ասվում էր. «Ադրբեջանական ֆուտբոլի ներկայացուցիչների ռազմականացված և քաղաքականացված դատապարտելի կեցվածքն ի ցույց է դրվում շուրջ մեկ ամիս, սակայն այն, ինչ այսօր տարածվեց համացանցում, զարհուրելի է և ոտնահարում է քաղաքակրթական և բարոյական բոլոր չափանիշները: «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Նուրլան Իբրահիմովը սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջում կատարել էր գրառում, որտեղ բառացիորեն կոչ էր անում սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման: Նա նաև արդարացնում էր Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու փաստը: Իբրահիմովն արդեն հասցրել է ջնջել գրառումը, սակայն, բնականաբար, հարյուրավոր օգտատերեր հասցրել են տեսնել այն և պահպանել: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համապատասխան բողոք է հղել ՈՒԵՖԱ՝ պահանջելով խստագույնս պատժել ինչպես վերոնշյալ աշխատակցին, այնպես էլ ադրբեջանական ակումբին՝ ընդհուպ մինչև եվրագավաթներից հեռացումը։ Ատելության խոսքը, բռնություն կոչերը, այլատյացությունը պետք է արմատախիլ արվեն ֆուտբոլից՝ հավատարիմ մնալով եվրոպական ֆուտբոլային ընտանիքում ընդունված արժեքներին»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *