Սպորտ

Պայթյունավտանգ իրավիճակ. Ռուբեն Հայրապետյանը ձեռնոց է նետում հասարակությանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չտվեց: Հասարակությունը սպասում էր, որ այս անձը այսօր տեղի ունեցած ՀՖՖ գործկոմի նիստի ժամանակ այնուամենայնիվ բարի կամք կդրսևորի և կհեռանա, բայց…

Երեկ ֆուտբոլի ֆեդերացիան հանդես էր եկել բավական ագրեսիվ մի հայտարարությամբ, որն ուղղված էր Երևանի «Արարատ» և «Փյունիկ» ակումբներին: «Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք «Փյունիկ» ՖԱ ղեկավարության հրապարակային ներողությունը, այլապես ՀՖՖ-ն հարկադրված կլինի սահմանված կարգով պաշտպանել իր իրավունքները համապատասխան դատական ատյաններում»,- ասված էր Ռուբեն Հայրապետյանի ՀՖՖ-ի հայտարարության մեջ:

Երեկ «Փյունիկ», «Արարատ» և «Շիրակ» ակումբները հանդես էին եկել հայտարարությամբ՝ հասարակությանն իրազեկելով ՀՖՖ-ի և Հայրապետյանի խայտառակ գործունեության մասին: «Դժվար է հասկանալ, թե ՀՖՖ ներկայացուցիչները ինչով են առաջնորդվում իրենց աշխատանքում և որոշումներում, բայց եթե «Փյունիկի» նկատմամբ վերաբերմունքը շարունակի լինել կողմնակալ և ոչ ճիշտ, մենք ստիպված կլինենք հայտարարել անվստահություն ՀՖՖ-ի ողջ ղեկավարության հանդեպ և բարձրացնել ՀՖՖ նախագահի փոփոխության հարցը»,- նշված էր «Փյունիկի» հայտարարության մեջ:

«Արարատ» ակումբն էլ իր հերթին էր արձագանքել ՀՖՖ-ի կործանարար քայլերին. «Հորդորում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային «ուշքի գալ» և լուծել այս հարցը, այլապես մենք ստիպված կլինենք դիմել կտրուկ քայլերի՝ հարցը բարձրացնելով սպորտային արբիտրաժային դատարանում»:

Նշենք, որ թե՛ «Փյունիկին» և թե՛ «Արարատին» Հայրապետյանն այսօր որակում է որպես թշնամի ակումբներ: Իրավիճակն էլ ավելի սրվեց այն ժամանակ, երբ վերոնշյալ ակումբները բոյկոտեցին հունիսի 30-ին կայացած տարեկան ՀՖՖ-ի ժողովը, որի ընթացքում պետք է դադարեցվեր Գյումրիի «Շիրակի» անդամությունը: ««Շիրակը» ցանկանում է ևս մեկ անգամ փաստել, որ պատրաստ է վերադառնալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն այս իսկ մրցաշրջանից, եթե մեր պահանջը կատարվի, և ՀՖՖ նախագահն ու աշխատակազմը հրաժարական տան։ Մեր կարծիքով՝ այն, ինչ տեղի ունեցավ հունիսի 30-ին, ապօրինություն է։ ՀՖՖ-ն հեռացրեց «Շիրակին» անդամությունից, իսկ որպես ՀՖՖ անդամ քվեարկեց ակումբների և անհայտ ծագումով կազմակերպությունների օգտին, որոնց գործունեության մասին ֆուտբոլային աշխարհում ոչ ոք տեղյակ չէ։ Լիովին կիսում ենք «Փյունիկի» և «Արարատի» տեսանկյունները, որ առաջնությունում չեն կարող հանդես գալ կրկնվող անուններով ակումբներ։ Կրկին ցանկանում ենք վերահաստատել, որ պատրատ ենք օգոստոսից մասնակցել բարձրագույն խմբի առաջնությանը, եթե ՀՖՖ-ում մոտ ապագայում տեղի ունենա ամբողջ աշխատակազմի փոփոխություն»,- նման հայտարարությամբ էլ երեկ հանդես էր եկել «Շիրակը»:

Ագրեսիվ պատասխանով և աթոռին կառչած Հայրապետյանն ըստ էության ձեռնոց է նետում հասարակությանը: Իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է հայկական ֆուտբոլի համար: Կարծում ենք՝ բոլորի համար է պարզ, որ Հայրապետյանը ցանկացած քայլի կդիմի պաշտոնը պահելու և հայկական ֆուտբոլը վերջնականապես խորտակելու համար: Ստեղծված իրավիճակում ֆուտբոլասեր հասարակությանը ոչինչ չի մնում անելու, քան շարունակել մերժել Հայրապետյանի նախաձեռնած ցանկացած ֆուտբոլային իրադարձություն:

Հայկական թիմերի մեծ մասն արդեն իսկ մտադիր է մերժել Հայրապետյանի Բարձրագույն խմբի առաջնությունը: Պետք է մերժել նաև Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ հանդիպումները: Ավելի ստույգ՝ ֆուտբոլիստները պետք է համախմբվեն և ուղղակի հանդես չգան Հայրապետյանի հավաքականում: Քանի դեռ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ նախագահն է, մեր հավաքականը ուղղակի չի կարող լինել ազգային: Ուստի զոհաբերելով առաջիկա Ազգերի լիգայի խաղարկությունը՝ մենք կարող ենք փրկել հայկական ֆուտբոլը, մեր ազգային հավաքականն ու Բարձրագույն խմբի առաջնությունը:

Արդեն սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը պետք է «Հանրապետական» մարզադաշտում մրցի Լիխտենշտեյնի հավաքականի հետ: Սա հիանալի հնարավորություն է թե՛ ակումբների, թե՛ ֆուտբոլիստների և թե՛ երկրպագուների համար ևս մեկ հարված հասցնելու Հայրապետյանին: Վերջինիս դիրքերն ամուր չեն, ինչպես Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ: Թե ում վրա է հույսը դրել Հայրապետյանը՝ դժվար է ասել:

«Հայկական ֆուտբոլում փոփոխություններն անխուսափելի են»: Այս մասին ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակման ժամանակ օրեր առաջ ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ ՀՖՖ-ի վերակազմակերպման ժողովը կայանալու է սեպտեմբերի երկրորդ տասնօրյակում, որի ընթացքում էլ ամենայն հավանականությամբ տեղի կունենան նախագահի ընտրություններ: Հետևաբար սեպտեմբերի 6-ը պետք է դառնա ֆուտբոլով մտահոգ զանգվածների մոբիլիզացիայի օր: Օր օրի՝ ընթացքում, հասարակությունը պետք է ցույց տա, որ ֆուտբոլը պատկանում է երկրպագուին, և որ սիրված մարզաձևը Ռուբեն Հայրապետյանի ձեռքի գործիքը չէ: Սույն անձի՝ հայկական ֆուտբոլին մոտ լինելու ժամանակն այլևս սպառված է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *