Սպորտ

Սպանության և խաղ ծախելու վերաբերյալ Ռուբեն Հայրապետյանի պատասխանատվության մասին

Ո՞վ է պատասխանատու, երբ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ ֆուտբոլասերները ներխուժում են մարզադաշտ։ Ո՞վ է պատասխանատու, երբ հավաքականի ֆուտբոլիստները կարմիր քարտ են ստանում, և ՈՒԵՖԱ-ի կողմից տուգանքներ են նշանակվում։ Ո՞վ է պատասխանատու, երբ ֆուտբոլում տեղի են ունենում արատավոր երևույթներ։ Երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ ասում էր Ռուբեն Հայրապետյանը՝ փորձելով համոզել, որ ինքը և ՀՖՖ-ն պատասխանատու են հայկական ֆուտբոլում տեղի ունեցող նեգատիվ երևույթների համար։ Ավելին՝ Հայրապետյանը փորձում էր համոզել, որ «Շիրակի» մարզիչ Արարատ Հարությունյանը ինքնուրույն չի գործել՝ փորձելով կաշառել «Բանանցի» ֆուտբոլիստ Կպոդոյին։

Ըստ Հայրապետյանի՝ տեղի ունեցածի պատասխանատուն «Շիրակ» ակումբն է և նրա նախագահ Արման Սահակյանը։ «Արարատ Հարությունյանին քավության նոխազ դարձնելը ճիշտ չէ: Հիմա բերենք ամեն ինչ բարդենք Արարատի վրա, նրան դարձնենք քավության նոխազ: Ես գիտեմ նրա բնավորությունը, նա ամեն ինչ կվերցնի իր վրա: Ակումբն էլ ամեն ինչ բարդեց Արարատի վրա: Խնդիրն այստեղ Արարատը չէ, այլ երևույթը: Չպետք է թողնենք, որ երևույթը արմատավորվի հայկական ֆուտբոլում: Մի՞թե կարծում եք՝ Արարատը 5000 դոլար իր գրպանից տալու էր ֆուտբոլիստին, խա՞ղ առներ: Դուք միամի՞տ եք: Մտածում եք՝ Արարատը ինքնագործունեությա՞մբ է զբաղվել: Եթե այո, թող Արման Սահակյանը կարողանար այնպես կառավարել, որ այսպիսի բան չլիներ»,- ասաց Հայրապետյանը:

Ինչ խոսք, ՀՖՖ նախագահի պատասխանատվության զգացողություն մասին խոսելը գեղեցիկ է հնչում։ Այստեղ, սակայն, հարց է ծագում. ո՞վ է պատասխանատու, երբ օլիգարխի 6 թիկնապահները օլիգարխին պատկանող ռեստորանում ռազմական բժշկին դաժանաբար ծեծելով սպանում են։ Հիշեցնենք, որ 2012 թվականի հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին մահացել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Արյունալի այս միջադեպից հետո Հայրապետյանը հայտարարել էր, որ կապ չունի տեղի ունեցածի հետ, քանզի դեպքի վայրում չի եղել։ Եթե ՀՖՖ նախագահն այդքան պատասխանատու անձ է, ապա ինչո՞ւ պատասխան չտվեց Ավետյանի սպանության համար։

Այս հարցադրմանը Հայրապետյանը բնականաբար կպատասխանի՝ ասելով, որ որպես տույժ վայր է դրել ԱԺ պատգամավորի մանդատը։ Մանդատ վայր դնելը, սակայն, պատասխանատվություն կրել չէ։ Պատասխանատվություն կրելը կլիներ այն, որ Հայրապետյանը իր վրա վերցներ հրեշավոր այդ սպանության պատասխանատվությունը և իր թիկնապահների հետ ուղևորվեր ուղղիչ քրեակատարողական հիմնարկ։

Ինչո՞ւ է «Շիրակ» ակումբը և նրա նախագահը պատասխանատու տեղի ունեցածի համար, իսկ «Հարսնաքարի», ինչպես նաև թիկնապահների տերը՝ ոչ։ Ի՞նչն է տարբերությունը։ Պատասխանն ակնհայտ է. Հայրապետյանին ամենևին պետք չէր Վահե Ավետյանի սպանության գործով պատասխանատվություն կրելը։ Իսկ հիմա Հայրապետյանը տենչում է, որ «Շիրակը» պատժվի։ Տարիներ շարունակ նա ջանք ու եռանդ չի խնայել Շիրակին կոտրելու համար։

Ցավալի է, որ կենսագրության մեջ ունենալով արյունոտ այս էջը՝ Հայրապետյանը խոսում է պատասխանատվության մասին։ Սույն անձը պատասխանատվության զգացում ունենալու դեպքում վաղուց արդեն չէր լինի ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Ո՞վ է պատասխանատու այն գերխայտառակ և նվաստացուցիչ պարտությունների համար։ Ո՞վ է պատասխանատու ֆուտբոլիստների խեղված ճակատագրերի համար։

Ու հիմա Հայրապետյանն ուզում է, որ Հայաստանի հավաքականը դուրս գա Եվրոպայի առաջնություն, և ինքը հերոսանա։ Նույնիսկ Հայաստանի հավաքականի աշխարհի չեմպիոն դառնալու պարագայում Հայրապետյանը հերոս չի լինի, քանզի հերոսանալու համար անհրաժշտ է անցնել ճանապարհ։ Հայրապետյանը ճանապարհ չի անցել այլ ուղղակի ոչնչացրել է բոլորին, ովքեր կանգնած են եղել ճանապարհին։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *