Վերջին օրերին ՀՖՖ գործադիր կոմիտեի կազմը լքեցին Տիգրան Հակոբյանն ու Արմեն Շահգելդյանը: Եթե «Սևան» ակումբի փոխնախագահ, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանի հրաժարականի մասին հայտարարությունը զուսպ էր, ապա ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել էր, որ վերջին զարգացումներով պայմանավորված՝ բարոյական չի համարում շարունակել գործունեությունը, քանի որ ընտրություններին մասնակցել են ակումբներ, որոնց խաղերը եղել են պայմանավորված:
Վանաձորի «Լոռիի» նախագահ, ՀՖՖ գործադիր կոմիտեի նախկին անդամ Թովմաս Գրիգորյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ողջունել է Արմեն Շահգելդյանի ու Տիգրան Հակոբյանի քայլը:
«Ողջունում եմ Տիգրան Հակոբյանի բարոյական ու տղամարդկային քայլը: Մարդը տեսել է, որ 6-7 ակումբներ թաթախված են, այսպես ասած, «ղումարի» մեջ և նրանք մասնակցել են ընտրություններին: Եվ դա ընտրողների 35 տոկոսն է, քանի որ ընտրությանը մասնակցում էին 20 կազմակերպություններ: Նա հայտնել է, որ չի ցանկանում աշխատել «ղումարի» ձայներով: Պետք չէ մոռանալ, որ նա եղել է պայմանավորված խաղերի կոմիտեի անդամ և ավելի լավ է տիրապետում իրավիճակին: Նման որոշումը մտածելու տեղիք է տալիս: Մենք ունենք խորը կասկածներ, որ այդ «ղումարն» ունի իր գործուղած անդամները գործկոմում: Անդրադառնալով «Ուրարտու» - «Լոռի» խաղին, եթե մենք ունենայինք ուժեղ ու պրոֆեսիոնալ գործկոմ, նրանք կասեին, որ հնարավոր չէ մեկնարկել առաջնությունը, եթե նույնիսկ ֆեդերացիայի աշխատակիցները որոշում կայացնեին 30 օրից սկսել նոր մրցաշրջանը: Այդ պատճառով մենք նույնպես ողջունում ենք Տիգրան Հակոբյանի ու Արմեն Շահգելդյանի քայլը: Պետք է ունենանք պրոֆեսիոնալ գործկոմ, ինչին ես միայն կողմ եմ: Ընդհանրապես, նմանատիպ ընդհարումներում ՀՖՖ գործկոմը կարող է լինել ֆեդերացիայի գործունեության զսպաշապիկ, եթե բավականաչափ ուժեղ է: Ես չեմ ասում, որ ֆեդերացիան միտումնավոր վատ բաներ է անում, իսկ գործկոմը պետք է լավ բաներ անի: Պետք է համատեղ քննարկումներում գտնել ճիշտ որոշումներ: Սակայն, քանի որ այնտեղի մեծամասնությունը եկել է այդ ճանապարհով, այդ պատճառով այսօր ունենք այն, ինչ ունենք»,- զրույցում հայտնեց Թովմաս Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Թովմաս Գրիգորյանը մասնակցել էր ՀՖՖ նախագահի ընտրություններին: Դրանից առաջ Թովմաս Գրիգորյանը 20 տարի ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ էր:
0 Մեկնաբանություն