Սպորտ

Յուրի Ջորկաեֆը Երեւանում գոլ խփեց լեգենդների խաղում (տեսանյութ)

Երեւանի նորաստեղծ «Երեւան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հովանավորչությամբ այսօր Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում անցկացվեց ֆուտբոլային յուրահատուկ հանդիպում. Եվրոպայի լեգենդների հավաքականը մրցեց Հարավային Ամերիկայի լեգենդների հավաքականի հետ:

 

Առաջին խաղակեսում անվանի ֆուտբոլիստները դեռեւս լավ չէին հասկանում իրար եւ 40 րոպեների ընթացքում ընդամենը մեկական գոլ փոխանակեցին: Նախ պորտուգալացի Ֆիգուն բացեց հաշիվը, ապա արգենտինացի Բատիստուտան հավասարեցրեց այն:

 

Ընդմիջումից հետո կողմերը համեմատաբար ակտիվացան եւ սկսեցին ավելի շատ գոլային պահեր ստեղծել: Սակայն դրանք ավելի լավ իրացրին ամերիկացի ֆուտբոլիստները, որոնք չորս անգամ գրավեցին Ֆիլիմոնովի պաշտպանած դարպասը: Երկու անգամ աչքի ընկավ Կանադայի բոլոր ժամանակների լավագույն խաղացող Դի Ռոզարիոն, իսկ մեկական անգամ արգենտինացի Սավիոլան ու բրազիլացի Բեբետոն: Եվրոպացիներից այդ խաղակեսում միակ պատասխան գոլը խփեց Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Յուրի Ջորկաեֆը:

 

Այդպիսով, Հարավային Ամերիկայի ֆուտբոլային լեգենդները, որոնց գլխավորում էր հանրահայտ բրազիլացի հարձակվող Ռոնալդոն, 5:2 հաշվով ջախջախեցին Պաոլո Մալդինիի կողմից ղեկավարվող Եվրոպայի լեգենդներին: 

 

Նշենք, որ առաջին խաղակեսում Եվրոպայի հավաքականի դարպասը պաշտպանեց Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Երկրորդ խաղակեսում Յուրի Ջորկաեֆին փոխարինեց 63-ամյա Խորեն Հովհաննիսյանը, որն դարձավ այս հանդիպման ամենատարեց մասնակիցը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *