Սպորտ

Զինեդին Զիդանն ավարտեց իր առաքելությունը «Ռեալում» (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը այսօր կազմակերպված հատուկ մամուլի ասուլիսում հրաժարական է տվել:

«Ես որոշեցի ավարտել աշխատանքս «Ռեալում»: Դա անսպասելի պահ է, սակայն որպեսզի թիմը շարունակի հաղթանակներ տանել, պետք են փոփոխություններ, նոր մոտեցումներ եւ աշխատանքային մեթոդներ: Այդ իսկ պատճառով էլ կայացրել եմ այս որոշումը: Ես միշտ մեծ հարգանքով եմ վերաբերվել եւ վերաբերվում ակումբին ու նրա նախագահին», – հայտարարել է Զինեդին Զիդանը:

Այդ լուրը լիովին անակնկալի է բերել ֆուտբոլային հասարակայնությանը, քանի որ ընդամենը 5 օր առաջ «Ռեալը» ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ 3-րդ անգամ անընդմեջ հաղթող էր ճանաչվել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում: Սակայն արքայական ակումբի վերջին տարիների պատմությանը տեղյակ մարդիկ շատ լավ գիտեն, որ նախագահ Ֆլորենտինո Պերեսի օրոք գլխավոր մարզիչները երեք տարուց ավելի չեն մնացել թիմում:

Վերջին անգամ «Ռեալը» չորս տարի գլխավորել էր հանրահայտ իսպանացի մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, 1999-2003թթ, որից հետո թիմի ղեկը ստանձնել են 17 մասնագետներ: Ֆլորենտինո Պերեսի օրոք ամենաերկար աշխատել էր Ժոզե Մոուրինյոն՝ 2010-2013թթ:

Զինեդին Զիդանը «Ռեալը» մարզում էր 2016 թվականի հունվարից, երբ ակումբի նախագահը պաշտոնանկ արեց նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին: Երկուսուկես տարում ֆրասնիացի մասնագետը նվաճել է 9 մրցանակ. Իսպանիայի չեմպիոն, սուպերգավաթակիր, եռակի չեմպիոնների լիգայի հաղթող, կրկնակի Եվրոպայի սուպերգավաթիր եւ աշխարհի ակումբային չեմպիոն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *