Տեսակետ

Ճանապարհ ունենալու համար պետք է մանկապարտեզը փակել: Արևաշող համայնք, Լոռի (տեսանյութ)

Արևաշողը, որ Լոռու մարզի մեծ համայնքներից է, ի տարբերություն շատ գյուղական համայնքների, բավական զարգացած ենթակառուցվածքներ ունի: Այստեղ 3000-ից ավելի մարդ է բնակվում: Գյուղից ու գյուղական առօրյայից մարդիկ այնքան էլ դժգոհ չէն: Ամեն ինչ ունենք,-ասում է գյուղապետ Պերճ Պապիկյանը, միայն ճանապարհի հարցն է մտահոգում: Գյուղը կպած է Սպիտակի Տեր Սիմոնյան թաղամասին: 2012-ին թաղամասից գյուղ ձգվող շուրջ 2,5 կմ երկարությամբ ճանապարհի 1,5 կմ-ն ասֆալտապատել են: Եկել հասել իրենց ու կանգ առել: Ռազմավարական նշանակություն ունի 1 կմ երկարությամբ ճանապարհը: Եթե Սպիտակի թունելի հետ խնդիր առաջացավ, սա լինելու է դեպի Գյումրի գնացող միակ այլընտրանքը: Նախագծանախահաշվային փաստաթղթերով շուրջ 70 մլն դրամ է պահանջվում ասֆալտապատման համար: Սեփական միջոցներով նորոգելու տարբերակ չունեն: Ունեն-չունեն 63 մլն դրամ բյուջե ունեն, որից 53-ը՝ պետական դոտացիա: Պատրաստ են համայնքային ուժերով միայն եզրաքարերն ու ճամփեզրի առուները կառուցել: Ճանապարհ ունենալու համար պիտի մանկապարտեզը փակեն: Այս հեռանկարը տխրեցնում է Պապիկյանին: Շատ է ափսոսում: 7 տարի է՝ գյուղում մանկապարտեզ է գործում. լավագույններից է մարզում, այստեղ անգամ հարևան գյուղերից են երեխաներ գալիս, շուտով պատրաստվում են 3-րդ խումբն ավելացնել: Վերևներից առաջարկել են սուբվենցիոն ծրագրով գործող մանկապարտեզը փակելը, փոխարենը ճանապարհը նորոգել:

 

Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում: Տեսանյութում հնչած կարծիքները հեղինակներինն, են և կարող են չհամընկնել հանձնաժողովի կարծիքների հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *