Օկտավա

«Կա մի գերհզոր մարդ, ով որոշում է, թե վաղը քանի դեպք է լինելու»: Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«Պարոն Անդրանիկ Քոչարյանը, երբ «Իմ քայլը» խմբակցության այլ անդամների հետ  փորձում էր ամփոփել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները, նշեց, որ մենք այլևս դրանով հետաքրքրված չենք, դրա համար մեզ չեն ներգրավել այդ աշխատանքներում»:

Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանը` հավելելով, որ բաց են թողել ընդամենը երկու նիստ, սակայն ուսումնասիրել են բոլոր նյութերը: 

Հանձնաժողովը քննարկում է ունեցել նաև ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ, ինչին, Գորգիսյանի պնդմամբ, իրենք տեղյակ չեն եղել, ավարտից հետո միայն հանձնաժողովի նախագահը տրամադրել է հարցաշարը:

Գորգիսյանը մտավախություն հայտնեց, որ փորձ է արվում լռեցնել ընդդիմության ձայնը զեկույցը կազմելիս:

Հիշեցնենք` հանձնաժողովն աշխատանքներն ավարտել է հունիսի 4-ին:

Ինչ վերաբերում է Եվրամիության կողմից  Հայաստանին ավիացիոն «սեւ ցուցակ»-ում ընդգրկելուն, Գորգիսյանն ասում է` Հայաստանն այս ցուցակում ընդգրկվել է այն հիմնավորմամբ, որ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն ի վիճակի չէ ապահովել ինքնաթիռների անվտանգության կանոնները.

«Այդ ստուգումները արվել են նոյեմբեր ամսին, և եթե վարչապետի խորհրդական պարոն Ճաղարյանի խորհուրդները այդ ժամանակ լսվեին և պատշաճ քայլեր ձեռնարկեին, հնարավոր կլիներ կանխել «սև ցուցակում Հայաստանի հայտնվելը»:

Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ` ավիաընկերությունների շուրջ պտտվող թեզերը իրականությանը չեն համապատասխանում, Հայաստանը «սև ցուցակում»հայտնվել է «Ռևազյանի հանցավոր անգործության հետևանքով»:

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ սահմանափակումների  հնարավոր խստացմանը, հիշեցրեց նախորդ ամիսների փորձը, սոցիալական ծրագրեը համարեց անարդյունավետ, իսկ այսօր փակելու դեպքում ասում է` երկու շաբաթը բավարար չէ, արդյունքի հասնելու համար առնվազն մեկ ամսով պետք է փակել և մարդկանց  ֆինանսավորել, հարկային և վարկային արձակուրդներ տալ.

«Կարող ենք փակել, եթե բոլորին փող տանք»,-ասում է  Մարուքյանը և վերահաստատում իր դիրքորոշումը` քաղաքացիներին տրամադրելու համար գումար կա, ունենք վիրուսի դեմ պայքարի համար Արժույթի միջագային հիմանդրամից վերցրած գումար:

ՊԵԿ նախագահի հրաժարականից ընդդիմադիր ուժի ղեկավարը զարմացած է, ասում է` եթե շրջանառվող լուրերը ճիշտ են, և նրան մաքսատանը հերթերի համար են ազատել, ապա սա աբսուրդ է, իսկ եթե ուրիշ պատճառ է, պետք է բացատրություն տրվի հանրությանը:

Վարչապետի էջում հրապարակված նկարները Մարուքյանը համարում է մարդու անձնական տվյալների վերաբերյալ օրենքի խախտում և ասում է` իրավական պետությունում դա պետք է հետևանք ունենար, դրա համար գործիքակազմ կա:

Ընդդիմադիր ուժի ղեկավարը հարց է բարձրացնում նաև` ինչպես են որոշվում կորոնավիրուսի վերաբերյալ օրվա թվերը: Ըստ նրա` կա մի գերհզոր մարդ, ով որոշում է, թե վաղը քանի դեպք է լինելու: 

«Եթե որոշվի, որ հանձնվելու է, օրինակ, 3 հազար թեստ, վաղը մոտավորապես 1000 դեպք կարձանագրվի: Քանի որ ասվել էր՝ մայիսի վերջին լինելու է 10 հազար, վերջին մեկ շաբաթում թեստերի թիվն ավելացվեց, արդյունքում 1/3 հաստատված դեպքերով դարձել է 10 հազար»:

Ասում է` պետք է իմանալ հարցերի պատասխանները` ով է այդ մարդը, ինչպե՞ս է որոշվում, թե քանի թեստ է հանձնվելու:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *