Տեսակետ

Ցանկացած դեպքում, երբ կոռուպցիա կլինի, թաթիկները կկտրվեն․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

«Մենք հավատարիմ ենք մեր հանձնառությանը, որ ցանկացած դեպքում, անկախ նրանից, թե տվյալ պաշտոնյան ով է, պետք է պատասխանատվության ենթարկվի, բայց եկեք այս գործի մասին չխոսենք, որովհետև միայն ԱԱԾ-ի հայտարարությունն է եղել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկված իր տեղակալի մասին հարցին։

Նախարարը հարգում է անմեղության կանխավարկածը և չցանկացավ առավել մանրամասն թեմայի շուրջ մեկնաբանություն տալ՝ սահմափակվելով միայն ԱԱԾ-ի հաղորդագրությամբ։ «Երբ որ ինչ-որ փուլում կլինենք, երբ կարձանագրվի, որ դա փաստ է, կմեկնաբանենք»,- ասաց ԿԳՄՍ նախարաը։ Նախարարը վերահաստատեց վարչապետի խոսքերը, թե «կկտրեն բոլորի թաթիկները», ով կփորձի չարաշահումներ թույլ տալ։

«Այո, ցանկացած դեպքում, երբ կլինի կոռուպցիա, թաթիկները կկտրվեն։ Իմ ամեն 2-րդ ելույթը կոռուպցիայի մասին է, և ամենաշատ քրեական գործերը հարուցվել են մեր ոլորտում»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ այս գործով ինքը չի հարցաքննվել։ Ըստ նրա՝ ԱԱԾ-ն երեկ նախարարությունում գործողություններ է կատարել։ Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ ձերբակալված փոխնախարարը պարգևատրվել է։ Հարցին, թե շարունակո՞ւմ է այն կարծիքին մնալ, որ պարգևատրումները նպաստում են, որ պաշտոնյան կոռուպցիայի մեջ չներգրավվի, նախարարը կարճ պատասխանեց՝ այո։

Մանրամասները՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *