Պատասխան

Մարզահամերգային համալիրում «Music 20»փառատոնի փորձերը զարմացրել են հանրությանը․ մարդիկ լավ հիշում են կորոնավիրուսով հիվանդների համար մահճակալները (տեսանյութ)

Օպերային երգչուհի Վերոնիկա Ջիոեվան քիչ առաջ տեսանյութ է  հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգային փորձից։ Նա  «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնի մասնակիցներից է, որը տեղի կունենա  հուլիսի 10-28-ը Երևանում։

Այսօր ավելի վաղ կազմակերպիչները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը մանրամասներ էին հայտնել փառատոնից։ Տեղի կունենա 9 սիմֆոնիկ, 5 կամերային համերգ, 3 մենահամերգ և 2 անսամբլային համերգ։ 

Համալիրում կազմակերպվող այս  իրադարձությունը զարմացրել է հանրությանը․ նրանք շատ լավ հիշում են  այն մահճակալները, որոնք տեղադրված էին այնտեղ՝ կորոնավիրուսով հիվանդների համար։

ՀՀ իշխանությունը պատրաստվում է կրկին երկարաձգել արտակարգ դրությունը, քանի որ վտանգը չի վերացել, հետևաբար ենթադրվում է՝  համալիրի մահճակալների անհրաժեշտությունը դեռ կարող է լինել։ (Ուշ ժամի պատճառով, Ա1+-ին չի հաջողվել մեկնաբանություն ստանալ առողջապահության նախարարությունից՝ արդյո՞ք մահճակալները հավաքվել են(խմբ.):

Երաժշտական հայ հանրությանը այս փաստը ոչ միայն զարմացրել, այլև վրդովվեցրել է: Արդեն քանի ամիս է՝ իրենք  զրկված են փորձեր անելու հնարավորությունից՝ սահմանափակումների պատճառով։   Իսկ նման դադարը խիստ բացասաբար է ազդում  կատարողականի վրա։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ  հուլիսի 7-ին հայտարարել էր, որ երգեցողությունն ամենառիսկայիններից է, «քանի որ մեծ քանակի վիրուսային մասնիկներ են արտաշնչվում  շրջակա միջավայր և հնարավոր է վարակեն կողքի մարդկանց»։

Իսկ «Music 20»  կազմակերպիչները խոստանում են, որ միջոցառման ընթացքում խստագույնս պահպանվելու են հակահամաճարակային առողջապահական բոլոր սահմանված կանոնները:

  Ըստ նրանց՝ COVID-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակում այս միջոցառման անցկացումը իրապես մեծ իրադարձություն կլինի մշակութային կյանքի համար, ոչ միայն Հայաստանում։

«Աշխարհահռչակ արտիստներ կժամանեն Հայաստան‚ և Հայաստանը կլինի այն կենտրոնը‚ որին իրենց հայացքը կուղղեն դասական երաժշտության սիրահարները։ Մենք ակնկալում ենք ավելի քան 100.000 առցանց դիտումներ»‚- այսօր ասել էր Սերգեյ Սմբատյանը։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *