«Լոռի» հեռուստաընկերությունը հյուրընկալել էր ԱԺ արտահերթ ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության Լոռու մարզի թիվ ինը ընտրատարածքից առաջադրված վարկանիշային թեկնածու Քրիստ Մարուքյանին։ Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ՀՀԿ-ն, փոքրամասնություն կազմելով, գա իշխանության, նա պատասխանեց, որ, հաշվի առնելով հեղափոխության ուժերի հանդեպ վստահությունը, անհնար է համարում նման իրողությունը․ նման սցենարի համար հանրապետական կուսակցությունը այժմ էլ պիտի ունենա համախոհներ, ինչպես ունեցել է նախկինում։ Հանրապետականների՝ «պարզ ճակատով» քարոզարշավ անելու պնդումը պարոն Մարուքյանը պարզապես ծիծաղելի համարեց, քանի որ երկրի բոլոր խնդիրները, որ այսօր ՀՀ քաղաքացին ժառանգել է, քսան տարվա ժառանգություն է, որ մնացել է նախկին իշխանություններից, իսկ այդ իշխանությունը հանրապետականների հետ կիսել է թե՛ ԲՀԿ-ն, թե՛ ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, և այդ բոլոր համագործակից ուժերը իրենց լուման են ունեցել այս ամենի մեջ։
Պարոն Մարուքյանի համոզմամբ՝ նոր ձևավորվող ԱԺ-ում պետք է տեղ չունենան նախորդ իշխանությունները․ նրանց գնացքն այլևս մեկնել է։ «Եվ եթե մենք իրապես ուզում ենք արձանագրել նոր իրողություններ, ապա նոր իրողությունները չեն կարող տեղի ունենալ հին մարդկանցով․ մեզ պետք են նոր ուժեր»։ Պարոն Մարուքյանը որպես օրինակ ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փորձը, որը հնարավորություն է ունեցել իր հնարավորությունները ցույց տալ և՛ ԱԺ-ում՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի, ով հինգ տարի շարունակ հանդես է եկել որպես պրոֆեսիոնալ, օրինակելի պատգամավորի տեսակ, և՛ գործադիր մարմնում՝ ի դեմս Մանե Թանդիլյանի, և հույս հայտնեց, որ նոր ձևավորվող ԱԺ-ում հնարավորություն կստեղծվի տեսնել օրինակելի և թափանցիկ աշխատող կուսակցությունների։
Մանրամասները՝ տեսանյութում։
0 Մեկնաբանություն