Պատասխան

«Նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանը չի կարող վերականգնել մի ժողովրդի մշակութային արժեք, որի նկատմամբ տարիներ շարունակ պետական մակարդակով համակարգված ատելություն է տարածում: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

 «Այսպես կոչված՝ «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են հայկական հոգևոր մշակութային կարևորագույն արժեքներից մեկը՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։

Բազմաթիվ դեպքերով մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերում հայկական մշակութային արժեքներին, և արդեն իսկ հասկանալի է, թե «վերանորոգման աշխատանքների» անվան տակ իրականում ինչ է արվում․ նպատակը հայկական ներկայությունն ու հետքը ոչնչացնելն է։

 Տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից վարվել է Արցախում հայկական քրիստոնեական մշակույթը ալբանիզացնելու կամ այլ ազգերին վերագրելու պետական քաղաքականություն, որը բազմիցս քննադատության է արժանացել պատմաբանների և մշակութաբանների կողմից մի պարզ պատճառով՝ այդ փորձերը հիմնազուրկ են թե՛ պատմական ժամանակագրության, թե՛ մշակութային-ճարտարապետական առանձնահատկությունների տեսանկյունից։

  Եթե Ադրբեջանն իրոք հոգում է մշակութային արժեքների պահպանության մասին և «վերանորոգում» է այն, ապա մեծ հարց է առաջանում` ո՞րն է պատճառը, որ մինչև այսօր չի թույլատրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագիտական խումբը ժամանի տարածաշրջան։

 Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի նկատմամբ իրականացվող վանդալիզմի մասին մենք ամեն օր ենք բարձրաձայնում՝ միջազգային համապատասխան կառույցներին տեղեկացնելով կատարվողի մասին։ Սակայն հարցը քննադատություններից կամ կոչերից այն կողմ չի անցնում, այնինչ հստակ քայլեր են պետք։ Թողտվությունն ու անպատժելիությունն են Ադրբեջանի սանձարձակ պահվածքի հիմնական պատճառները»,- գրել է Ստեփանյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *