«Խոսքը վերաբերում էր ոչ թե միասնական արժույթի անցմանը, այլ միասնական արժույթի դրական ազդեցությանը․ միասնական արժույթը օրինակ՝ ԵՄ-ում, իհարկե, դրական է ազդում, բայց այնտեղ շատ խիստ կանոններ կան, օրինակ՝ գնաճը շատ ցածր պետք է լինի՝ չգերազանցելով 1-2%-ը, ազգային փոխարժեքը եվրոյից չպետք է տատանվի 1-2%-ով, իսկ մենք առայժմ այս խնդիրներն անգամ չենք լուծել։ Միասնական արժույթը, իհարկե, դրական է ազդում, բայց, եթե դա ուժային ձևով է արվում, ապա կարող է հանգեցնել բացասական հետևանքների, որովհետև կորուստներ կունենա այս կամ այն երկրի տնտեսությունը, որը գտնվում է ավելի կայուն վիճակում՝ չնայած մենք ավելի շատ կորուստներ ենք ունենում մեր կայուն վիճակի համար՝ մեր ներքին դրամավարկային քաղաքականությունից ելնելով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց տնտեսագետ Աշոտ Թավադյանը՝ անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Մհեր Գրիգորյանը МИР 24 հեռուստատեսության եթերից առաջարկեց հրաժարվել ամերիկյան դոլարից և անցնել ԵՏՄ-ի միասնական արժույթին։ Գրիգորյանի կարծիքով՝ առանց միասնական արժույթի տնտեսական ինտեգրացիոն նախագծերը մեծ հեռանկար չունեն։
Այս համատեքստում Աշոտ Թավադյանը հավելեց․«Այստեղ մենք պետք է լինենք նախաձեռնող, շատ ճկուն, պրոֆեսիոնալ մոտեցում ցույց տանք և մեր շահերը պաշտպանենք։ Այնտեղ, որտեղ մեզ ձեռք է տալիս պետք է անցնենք ռուսական ռուբլու հաշվարկներին, օրինակ՝ գազի ոլորտում, որտեղ միասնական արժույթը մեզ իսկապես օգուտ կտա։ Մենք մեր տնտեսական շահը ու դրան հասնելու մեթոդները պետք է հստակ ձևակերպենք ու կտեսնենք, որ կարողանում ենք այդպիսի խնդիրները լուծել ի օգուտ մեր երկրի»։
Հարցին՝ մոտ ժամանակներս ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի անցնելու ռիսկ տեսնո՞ւմ եք, տնտեսագետը պատասխանեց․ «Ոչ, այդպիսի հարց դեռևս դրված չէ, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ հարկաբյուջետային քաղաքականությունն, իհարկե, համաձայնեցման կարիք չունի, բայց դրամավարկային քաղաքականության համաձայնեցման կարիքը կա։
Ի դեպ, ես նաև պետք է նշեմ, որ միասնական այդ պայմանագիրն ի թիվս մի շարք թերությունների, մի խնդիր ևս ունի, այն է՝ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ պայմանները հստակ ձևակերպված չեն և դրանց չկատարման դեպքում պահանջը նույնպես հստակ դրված չէ, թե ինչ պետք է լինի։
Այս հարցերը չլուծելու պարագայում՝ անցում միասնական արժույթի հնարավոր չէ, քանի որ դա կնշանակի մեծ երկրին հնարավորություն տաս ավելի մեծ սուբյեկտիվ քայլեր կատարի և քո երկրի հնարավորությունները փոքրացնի։
Կարծում եմ, որ միասնական տնտեսական քաղաքականության վրա ազդեցության տեսանկյունից՝ մենք պետք է մեր հավասարությունը պաշտպանենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։
0 Մեկնաբանություն