Հայաստան

«Հայաստանը դարձել էր փողերի լվացման խողովակ․ ԿԲ-ն պետք է լուրջ մտահոգվի» (տեսանյութ)

«Կապիտալի տեղաշարժը մի երկրից մյուսը՝ բնորոշ երևույթ է բոլոր երկրների համար և դրանից մենք չպետք է վախենանք․ վախենալու մի խնդիր կարող է լինել և դա այն է, որ եթե բիզնեսը տեղափոխվում է ուրիշ երկիր, ապա դա որոշ դժվարություններ է ստեղծում  տնտեսության համար, օրինակ՝ աշխատատեղերի քանակի պակաս, հարկային մուտքերի կրճատում, եկամտի պակաս և այլն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը՝  խոսելով  քաղաքական  և տնտեսական նոր իրողությունների պայմաններում՝ Հայաստանից կապիտալի հնարավոր արտահոսքի և տնտեսության վրա դրա  ազդեցության մասին։

Վերջինիս  այս համատեքստում հավելեց նաև․ «Եթե նայում ենք վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, ապա վատ պատկեր է ստացվում և սա ասելով առաջին հերթին նկատի ունեմ այն տրանսֆերտները, որոնք մեր երկիրը ստանում է․ եթե համեմատելու լինենք 2013թ-ը 2016թ-ի տվյալների հետ, ապա կտեսնենք, որ արտասահմանից Հայաստան եկող տրանսֆերտներն ավելի քան 2 անգամ նվազել է և սա մտահոգիչ հանգամանք է, օրինակ՝ 2013թ-ին 1,4 միլիարդ ԱՄՆ դոլարից թիվը էականորեն իջել է մինչև 715 միլիոն և հասկանալի է, որ այս փոփոխությունն էական նշանակություն ունի մեր բնակչության կենսամակարդակի և բյուջեի եկամուտների  վրա, բայց ավելի հետաքրքիր է 2017թ-ի դրամական փոխանցումների թիվը, որոնք ըստ ԿԲ տվյալների կազմել է՝ 1 միլիարդ 756 միլիոն,  այսինքն զգալիորեն ավելացել է,  բայց այստեղ ուշագրավ և մտահոգիչ է այն հանգամանքը, որ  1միլիարդ  756 միլիոն  դոլարից՝  1,2 միլիարդ դոլարը Հայաստանից արտահանվել է,  ուստի ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ՀՀ-ն դարձել էր  դրամական լվացումների խողովակ, որի միջոցով տարբեր երկրներից ու հատկապես Ռուսաստանից եկող դրամական փոխանցումները մեր երկրի միջոցով դուրս են գալիս, իսկ սա այնպիսի խնդիր է, որի մասին  Կենտրոնական Բանկը պետք է լուրջ մտահոգվի»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *