«Ռուսաստանը եվրոպական երկրներին գազի 1000խմ վաճառում է 180-190 դոլար սակագնով, իսկ օրինակ Բելառուսին այս տարվա հունվարի 1-ից 129 դոլարով է վաճառում ու ես չեմ հասկանում, թե այդ ինչո՞ւ է 150 դոլարն ավելի էժան համարվում, քան 129 դոլարը։ Սահմանին գազի սակագինը՝ այո, 150 դոլար է, բայց մեր բնակչությանը արդեն սահմանից ներս գազ մատակարարվում է 290 դոլարով և, բոլոր դեպքերում, այս կրկնակի թանկացումն անտրամաբանական է և մշտապես եղել է տարակուսանքի առարկա։
Կարծում եմ, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական այս փոփոխություններից հետո՝ իրապես ժամանակն է ուսումնասիրելու, թե ինչու է այս վիճակին հասել Հայաստանի գազաբաշխիչ համակարգը և ինչ մեթոդաբանությամբ է տեղի ունենում գազի գնագոյացումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ Վլադիմիր Պուտինը նշեց, թե տարածաշրջանում Հայաստանին Ռուսաստանը գազ մատակարարում է ամենաէժան գնով, ինչին հակադարձեց վարչապետ Փաշինյանը՝ ընդգծելով, որ գազի սակագինը վերանայման անհրաժեշտություն ունի։
Այս համատեքստում Ատոմ Մարգարյանը հավելեց նաև․ «Ըստ իս՝ գազի գնագոյացման հիմքում դրված մեթոդաբանությունը հիմքից ի վեր արատավոր է, մասնավորապես, տնտեսագիտական լեզվով ասած՝ «ծախս պլյուս» համակարգն է կիրառվում այդ մեթոդաբանության հիմքում, այսինքն՝ ինչքան շատ ծախսերը լինեն, այնքան շատ ստացվող շահույթը կլինի մեծ, որքան ուռճացված ծախսեր լինեն կամ այսպես կոչված՝ «ներդրումներ», այնքան ավելի մեծ եկամուտներ կստանան․ սա մի կարևորագույն պրոբլեմ է, որը պետք է լրջորեն դիտարկվի ու քննարկվի»։
Բացի վերոնշյալից, մեր զրուցակիցը նկատեց նաև, որ գնագոյացման հիմքում ընկած են նաև մի շարք այլ կասկածելի գործոններ և դրանցից մեկը կորուստներն են, որոնք ևս հաշվարկվում են գնի մեջ։
Տնտեսագետի պնդմամբ՝ Հայաստանի բնակչությանը մատակարարվող գազի սակագինը 70 և ավելի դոլարով նվազեցնելու հնարավորություն կա։
«Համաձայն կնքված պայմանագրի՝ սահմանի վրա գազի գինը պետք է լինի այնքան, որքան Ռուսաստանի Օրենբուրգի մարզում է վաճառում «Գազպրոմ»-ը, իսկ այդ գինը 80 դոլարն է․ հիմա դուք հաշվեք՝ 80 դոլարը որտեղ, 150 դոլարը որտեղ․․․
Տարբեր ուսումնասիրություններ կան, բայց իմ հաշվարկով՝ առնվազն 25%-ով այսօր գազի սակագինը նվազեցնելու հնարավորություն կա, որը նշանակում է, որ 1000 խմ-ի համար 70 դոլարով գազի սակագինը պետք է իջնի, այսինքն՝ առնվազն 220 կամ նույնիսկ 200 դոլարով կարելի է գազի գինը 1000 խմ-ի համար ֆիքսել և անցնել առաջ»,- շեշտեց Ատոմ Մարգարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
0 Մեկնաբանություն