Հայաստան

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերի վերաբացումը կհանգեցնի բանակում բարքերի փոփոխության

Քննչական կոմիտեի նորանշանակ ղեկավար Հայկ Գրիգորյանը չի բացառել, որ առաջիկայում հնարավոր է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերի վերաբացումներ լինեն: Նա հայտարարել է, որ այդ գործերը քննարկելու հետ կապված մոնիթորինգային խումբ կստեղծվի, որը կուսումնասիրի այդ քրեական գործերը, եզրակացություններ կտրամադրի՝ վերհանելով նախաքննության ընթացքում թույլ տրված սխալները, որոնք էլ հիմք կհանդիսանան գործերի վերաբացման համար։

Գործերի նոր, օբյեկտիվ, բազմակողմանի քննության անհրաժեշտություն տեսնում են նաև տարիներ շարունակ իրենց որդիների սպանությունների բացահայտման համար պայքարած ծնողները։

Խաղաղ պայմաններում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Օհանջանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գործերի նոր քննության ժամանակ մի շարք կարևոր հանգամանքներ ի հայտ կգան։ Տիկին Գոհարին ուրախացրել է ՔԿ նոր պետի տրամադրվածությունը իրենց որդիների գործերի մասով։ Նա դա կապում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո կառավարության հենց առաջին նիստին մոտեցավ կառավարության բակում ակցիա իրականացնող ծնողներին և խոստացավ, որ նրանց պահանջը կբավարարվի, և գործերը նոր ընթացք կստանան։ «Մեր գործը կասեցումից հանելուց հետո հիմա վերաքննիչ դատարանում է, և ես արդեն դատավորների վերաբերմունքից եմ զգում, որ բան է փոխվել։ Առաջ էլ նույն դատավորն էր քննում, հիմա էլ, բայց նախկինի ու ներկայի միջև տարբերությունը այնպես է, ինչպես սարերի ու հարթավայրի։ Հիմա այդ նույն դատավորը մանրամասն դատավարություն է անցկացնում։ Վերջերս էլ դատական նիստի ընդմիջման ժամանակ դատախազը մոտեցավ ինձ և ասաց, որ ուզում են գործը վերանայել սկզբից մինչև վերջ»,- ասաց տիկին Գոհարը՝ հավելելով, որ լիահույս են, որ այս վերաբացումից հետո գործերը վերջնական կբացահայտվեն, և մեղավորները կպատժվեն։

«Մեր պայքարն արդար է, և մենք պետք է տեսնենք այդ արդյունքը։ Արդյունք նախկին իշխանությունների ժամանակ չենք տեսել։ Հիմա հուսով ենք, որ կտեսնենք»,- ասաց տիկին Գոհարը։

Ինչ վերաբերում է ՔԿ մոնիթորինգային խմբի ստեղծմանը, ապա մեր զրուցակիցը դա ևս դրական է համարում, թեև Տիգրան Օհանջանյանի գործով իրականացված սխալները ու բացթողումները արձանագրել է ՄԻԵԴ-ը։ «Եթե խախտումներ չլինեին Տիգրանի գործով, ՄԻԵԴ-ը նման որոշում չէր կայացնի։ Գլխավոր դատախազը նշանակվելուց հետո մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց՝ ինչ եք կարծում, տիկին Գոհար, 11 տարի անց ապացույցները գնահատել կլինի՞։ Դե թող հիմա գնահատեն այդ ապացույցները, որոնք ժամանակին կորցրել են, կեղծել են հենց իրենց քննիչները ու դատախազները։ Ժամանակին դատախազությունը, քննչական մարմինները կատարել են հանցագործություն, որի համար պետք է պատասխան տան մեղավորի հետ միասին»,- ընդգծեց Գոհար Օհանջանյանը։

«Բանակն իրականում» նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ այս գործերի բացահայտումը շատ ակտուալ է, քանի որ բոլոր այդ գործերում կան խութեր։ «Տարիներ շարունակ զինծառայողների սպանությունները որակվել են որպես ինքնասպանություններ։ Մինչդեռ և՛ ծնողները, և՛ փորձագետները գործերին մի փոքր ծանոթանալուց հետո հասկանում էին, որ դա ոչ թե ինքնասպանություն է, այլ դիակների վրա կան անգամ խոշտանգման հետքեր։ Սրա մասին շատ է խոսվել, բազում զեկույցներ կան, գործերը հասել են Եվրոպական դատարան, և արձանագրվել են դատաքննության բազմաթիվ զարհուրելի խախտումներ։ Դա լուրջ ստվեր էր գցում, և բանակի հանդեպ փոխվում էր հասարակության վերաբերմունքը, անվստահության մթնոլորտ էր ձևավորվում, և պարզ էր դառնում, թե ինչպիսի մթնոլորտ է իրականում տիրում բանակում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը՝ ավելացնելով, որ հիմա շատ կարևոր է անդրադառնալ սրան։

Նախ՝ որ ախտորոշվի, թե այդ բարքերն ինչպիսինն են եղել, և վերջ տրվի այդ մեթոդով բանակը մարդու իրավունքների համար վտանգավոր, մարդու իրավունքները ոտնահարող կառույց դարձնելուց։

Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերի վերաբացումն ու օբյեկտիվ, արդարացի քննությունը նաև կանխարգելիչ դեր ու ազդեցություն կարող են ունենալ։ «Բացի նրանից, որ արդարադատություն կիրականանա, նաև տեղի կունենա բարքերի փոփոխություն։ Գործերի բացահայտումը հնարավոր նոր դեպքերի ժամանակ կոնկրետ ուղերձ կլինի բանակում ծառայող ու բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց համար»,- ընդգծեց իրավապաշտպանը՝ ավելացնելով, որ այդ գործերի բացահայտումը, ի վերջո, մի փոքր խաղաղություն կտա զինծառայողների ծնողներին, ովքեր տարիներ շարունակ փողոցում արդարադատության պահանջ են հնչեցրել, բայց մնացել են չլսված։

«Նոր Հայաստանում արդարադատության վերականգնման ակտը պետք է կայանա»,- եզրափակեց Զարուհի Հովհաննիսյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *