«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն, համակարգող խմբի անդամ Կարեն Իսրայելյանը։
– Պարոն Իսրայելյան, ի՞նչ է կատարվում «Նաիրիտ» գործարանում։ Տեխնիկական աուդիտը, որի մասին հայտարարվել էր, իրականացվու՞մ է։
– «Նաիրիտ» գործարանում իրականում շատ բարդ իրավիճակ է։ Համաձայն կառավարության հետ պայմանավորվածության՝ գործարանում աուդիտը պետք է սկսվեր օգոստոսի 1-ից։ Բայց սնանկության կառավարիչը կարողացավ փորձագիտական խմբի աշխատանքները ձգձգել։ Նպատակն այն էր, որպեսզի գործարանում շարունակեր թալանը: Համակարգող խմբի ձեռքի տակ կան լուսանկարներ, որ այս ընթացքում, չնայած կառավարիչը հրաման էր արձակել արգելել գործարանի տարածքից մետաղի ջարդոնների և սարքավորումների դուրսբերումները, շարունակվել է գործարանի թալանը: Նույնիսկ այսօր, երբ մենք փորձագիտական խմբով առաջին անգամ մտանք գործարան գույքագրում կատարելու, գործարանի տարածքից էլի երկու մեքենա դուրս եկավ: Գիտե՞ք ինչ է դուրս գալիս: Ցավոք սրտի, կառավարության համապատասխան մարմինները, ովքեր զբաղվում են այս հարցով, չեն կարողանում բացահայտել մի կառավարչի կողմից օրենքի խախտումներով փորձագիտական խմբի աշխատանքների ձգձգման պատճառները: Ամեն անգամ մի նոր բան է հորինում: Մենք երեկ մտանք գործարան, որպեսզի աշխատեինք, կառավարչի տեղակալը զանգահարեց վերջինիս, որից հետո մեր աշխատակիցներին գործարանի տարածքից դուրս հանեցին՝ հորինված պատճառներով: Այսօր պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ գոնե այսօր մտնեին գործարան, մեզնից պահանջում են տալ տեղեկություն, թե մեր աշխատակիցները որ ժամին որտեղ են լինելու ու ինչ պետք է անեն: Ես հրաժարվեցի: Մենք նամակ ենք տվել, որտեղ պարզ գրված է, որ սեպտեմբերի 3-15-ը 4 խմբով պետք է լինենք գործարանի այսինչ տարածքում կամ այսինչ արտադրամասում: Ընկերներ, մենք ունենք ձեզ մոտ կառավարության կողմից ուղարկված ցուցակը, դուք նայեք՝ ովքեր են մեր աշխատակիցները և որտեղ պետք է մտնեն: Նմանատիպ ապուշ հիմնավորումներով փորձում են աշխատանքները ձգձգել:
– Ովքե՞ր են աուդիտորական խմբի անդամները:
– Սկզբում այդ խմբում գործարանի աշխատակիցներն էին, որոնց պետք է միանան արտասահմանից եկած փորձագիտական խմբի անդամները: Այսօր բավական մեծ բարդությամբ ընդամենը երկու աշխատանքային խումբ են թույլ տվել մտնել գործարան՝ այն հիմնավորմամբ, որ իրենք քանի որ մեր խմբերին պետք է ուղեկցեն, այս պահին այդքան աշխատող չունեն: Նմանատիպ ձգձգումները բերելու են նրան, որ եթե մենք նախատեսել էինք աշխատանքներն ավարտել երեք ամսում, աշխատանքը մեզ համար կրկնակի երկարելու է: Ես միշտ ասում եմ կառավարության համապատասխան մարմիններին, ովքեր մեզ հետ աշխատում են՝ չի կարելի թույլ տալ, որ ինչ-որ մի կառավարիչ ինչպես ուզի, այնպես իրեն պահի: Մարդիկ թող գան տեսնեն՝ մե՞նք ենք ճիշտ, թե՞ կառավարիչը: Բայց ես ասում եմ, ես լսում եմ:
– Գործարանի սնանկության կառավարիչն այդքան իրավասություն կամ լիազորություն ունի՞, որ թույլ տա կամ չտա աշխատանքային խմբերին գործարան մտնել՝ այն դեպքում, երբ կա կառավարության որոշում և համագործակցություն:
– Կառավարիչը նման լիազորություն չունի: Նա այդ լիազորությունը փորձում էր գտնել Ազգային անվտանգության ծառայության և սնանկության գործով դատավորի մոտ: Դեռևս հուլիսի 19-ին պարտատերերի ժողով եղավ, որի ժամանակ որոշում կայացվեց թույլ տալ փորձագիտական խմբի աշխատանքները: Որոշումն ուղարկվեց դատավորին: Դատավորը պարզ գրեց, որ դա օրենքով չի սահմանափակվում, և մենք իրավունք ունենք աշխատելու: Եթե սնանկության կառավարիչը դեմ էր, որպեսզի մենք աշխատեինք, նա պարտավոր էր եռօրյա ժամկետում իր հիմնավորումներով բողոքել դատարանում: Նա դա չի արել, ինչը նշանակում է՝ պարտատերերի խորհրդի որոշումը մտել է օրինական ուժի մեջ: Իսկ կառավարիչը հուլիսի 22-ից հետո մինչ այսօր չի թողել մենք մտնենք ու նորմալ աշխատենք: Իմ կարծիքը հետևյալն է՝ կառավարությունից ոչ ոք իրականում չի մտածում «Նաիրիտ»-ի մասին: Եթե չլիներ մեր համակարգող խմբի աշխատանքը, պայքարը, եթե չլիներ Աշոտ Գրիգորյանի մոտեցումը, ոչ մի բան չէր ստացվելու:
– Այսօր Աշոտ Գրիգորյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ խոսում է գործարանում իրենց կատարած աշխատանքի ու տպավորությունների մասին: Այս մասով ի՞նչ կասեք:
– Աշոտ Գրիգորյանը ներդրումների նախարարության հետ ունի կնքված համաձայնագիր, որով ինքը պետք է «Նաիրիտ»-ում կատարի վերականգնողական աշխատանքներ, փորձագիտական աշխատանքներ իր միջոցներով: Այսինքն՝ որպեսզի ներդրողների խումբը հասկանա՝ իրականում գործարանում կարող է ներդրում կատարել, թե ոչ, պետք է կարողանա հասկանալ «Նաիրիտ»-ի այսօրվա իրական վիճակը: «Նաիրիտ»-ում շուրջ երկու տարի է՝ գնում է սնանկության գործընթաց, ու այս երկու տարվա ընթացքում գործարանի մեծ թվով գույք է օտարվել: Փորձագիտական խմբի իմաստը այն է, որ մենք ինքներս համոզվենք՝ հնարավո՞ր է «Նաիրիտ»-ը վերականգնել, թե՞ ոչ: Եթե փորձագիտական խմբի եզրակացությունը լինի դրական, ապա խումբը կներկայացնի, թե գումարային առումով ինչքան է անհրաժեշտ լինելու գործարանի վերագործարկման համար: «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգը Աշոտ Գրիգորյանի ղեկավարությամբ փորձագիտական խմբի դրական եզրակացության դեպքում պետք է կառավարության հետ բանակցությունների նստի՝ «Նաիրիտ»-ի վերջնական վերաթողարկման համար:
– Հնարավո՞ր է փորձագիտական խմբի եզրակացությունը բացասական լինի․ այդ դեպքում ի՞նչ է լինելու:
– Եթե «Նաիրիտ»-ում վիճակը եղավ այնպես, որ հնարավոր չէ ոչինչ վերականգնել, չեմ կարող ասել՝ Աշոտ Գրիգորյանն ինչ միջոցներով կվերականգնի: Բայց ես տեղյակ լինելով «Նաիրիտ»-ի այսօրվա տեխնիկական վիճակից՝ կարծում եմ, որ շատ հանգիստ կարելի է վերականգնել գործարանը, եղած 100 մլն-ին ընդամենը կարող է ավելանալ 10-20 մլն դոլար: Այսինքն՝ 120 մլն դոլարով «Նաիրիտ»-ը շատ հանգիստ կարելի է վերականգնել: Դա ոչ միայն իմ տեսակետն է, այլև բոլոր մասնագետների, ովքեր այսօր աշխատում են փորձագիտական խմբում:
– Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ այսօրվա կառավարությունը ևս առանձնապես մտահոգված չէ «Նաիրիտ»-ի ճակատագրով, և եթե չլիներ աշխատակիցների համառ պայքարը, արդյունքի հասնել հնարավոր չէր լինի…
– Այո, ես նկատի ունեմ, որ սնանկության գործով կառավարիչը, ով շուրջ երկու ամիս է՝ աշխատանքները ձգձգում է, կառավարության կողմից չեմ նկատել կառավարչի հետ կապված որևէ քայլ, որ վերջինս օրենքի առաջ պատասխան տա, քանի որ նա օրենք է խախտել: Ես ձեզ մի բան ասեմ, որ ինձ համար ևս անհասկանալի է. շուրջ քսան օր առաջ «Նաիրիտ» գործարանի համակարգող խումբը հայտարարություն է ուղարկել ԱԱԾ: Հայտարարության մեջ նշել էինք, որ սնանկության կառավարչի կողմից տեղի են ունեցել մի շարք չարաշահումներ: Նշել էինք, որ սնանկության կառավարիչը գործարանում կատարում է սարքավորումների բավական էժան օտարում: Հիմնավորումներ, տեսանյութեր ենք տվել Ազգային անվտանգության ծառայությանը, բայց առ այսօր ոչ մի ձայն, շարժ չկա: Բացի այդ, 15 օր առաջ էներգետիկայի նախարարությունում կազմակերպվեցին քննարկումներ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գործարանից ուզել էր տեղեկանք, թե «Նաիրիտ»-ն ի՞նչ պատճառով հայտնվեց այս վիճակում: Մայիս ամսին մենք նախագահին տվեցինք կարճ տեղեկանք, որտեղ հայտնեցինք հիմնավորումները ու 9-10 դեպք, թե ինչպես «Նաիրիտ»-ն ընկավ այս վիճակի մեջ: Տեղեկանքի հիման վրա դատախազությունը նամակ էր գրել, որ քրեական հանցագործության տարրեր չեն տեսնում: Երբ մենք կոնկրետ հարցեր տվեցինք փաստերով, դրանից հետո որոշում կայացվեց ուսումնասիրություններ կատարել ու մեզ հրավիրել դրան մասնակցելու: Անցել է արդեն 15 օր՝ ո՛չ ձայն, ո՛չ ծպտուն: Այսօրվա կառավարությունը, մարմինները կարծես չեն ուզում զբաղվել «Նաիրիտ»-ով: Հենց այնպես չեմ ասում, որ եթե չլինեին «Նաիրիտ»-ի ժողովուրդը, պայքարը, ոչ ոք գործարանով չէր զբաղվի:
– Ամփոփելով՝ ի՞նչ կարող եք ասել:
– Կարող եմ ասել, որ «Նաիրիտ»-ը աշխատելու է: Իսկ մարդիկ, ովքեր աշխատում են դրա դեմ, իրենց ձեռքի տակ չունենալով այլ գործիքներ, ստիպված անցան անձնական թեմաներին, որի ամենավառ օրինակն այն է, որ սկսեցին Աշոտ Գրիգորյանին վարկաբեկել՝ որպես PR անող, ավանտյուրիստ: Մենք կարծում ենք, որ ամեն ինչ արվում է այն բանի համար, որ Աշոտ Գրիգորյանի անունը վարկաբեկեն՝ դրանով թույլ չտալով գործարանը վերագործարկել. չէ՞ որ նա համառ կանգնած է նաիրիտցիների կողքին: Մինչ այդ Աշոտ Գրիգորյանը բազմաթիվ անգամներ եղել է Հայաստանում, նրա անվան հետ կապված նմանատիպ արտահայտություններ չեն եղել: Սա նպատակային է արվում, որպեսզի «Նաիրիտ»-ը չաշխատի: «Նաիրիտ»-ը աշխատելու է միանշանակ, որովհետև նաիրիտցիները ոգևորված են փորձագիտական խմբի աշխատանքներով և պատրաստ են ամեն ինչ անել դրա համար: Կարող եք հստակ նշել՝ «Նաիրիտ»-ը աշխատելու է:
Նշենք, որ աուդիտորների խմբում ներգրավված են փորձագետներ տարբեր երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանի «Ռոսգազինժեներինգ» ընկերությունից, բուլղարական «Խիմ Ռեմ Ստրոյ» ձեռնարկությունից, մի քանի հոգի Սլովակիայից։ «Նաիրիտ» գործարանում ներդրումներ անելու իրավունքի համար տարիներ շարունակ պայքարում էին «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» և SynCo Group սլովենական ընկերությունները, որոնք ստացել են կառավարության համաձայնությունը և ավելի վաղ հուշագիր են ստորագրել տնտեսական զարգացման նախարարության հետ: Նախատեսվում է մինչև 300 մլն դոլարի ներդրում կատարել «Նաիրիտ»-ում:
0 Մեկնաբանություն