Հայաստան

Տուրի՞զմ, թե՞ հանքահանություն: Շուշանիկ Միսկարյանի քննությունը Ամուլսարի հանքավայրի շահագործման շուրջ

2009 թ-ից Վայոց ձորի մարզի բնակիչները իրենց բողոքն են հայտնում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ:

Պատճառն այն է, որ հենց այս թվականին «Լիդիան Արմենիա» երկրաբանահետախուզական ընկերությունը առաջին թույլտվությունն ստացավ հանքի շահագործման համար:

Փաստաբան Նազելի Վարդանյանի խոսքով, երբ ընկերությունը հայտարարում է, որ նոր հանք է հայտնաբերել, չի համապատասխանում իրականությանը. այդ ամենն արվում է միայն բիրժայում իրենց արժեթղթերը բարձրացնելու համար:

Հայաստանի Հանրապետության բոլոր հանքերը, որոնք գրանցված են ՀՀ-ի երկրաբանական ֆոնդում, ուսումնասիրվել են դեռևս 1950-ական թվականներին:

Երբ ԽՍՀՄ-ը  (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն) ատոմային զենք է արտադրել, ամբողջ ԽՍՀՄ տարածքում փնտրել են ուրան և գտել  Վայոց ձորի մարզում: Ուրանի հետ էլ որպես ուղեկցող նյութ դուրս են գալիս ոսկին ու արծաթը:

Ստանալով հանքի շահագործման թույլտվությունը`  «Լիդիան Արմենիա» կազմակերպությունը սկսեց շինարարական աշխատանքները:

2018 թվականի շինարարական աշխատանքների ընթացքում վնասվեց Գնդեվազ գյուղ տանող խմելու ջրագիծը, ինչն էլ պատճառ դարձավ, որ արդեն մեկ տարի է` Ջերմուկ խոշորացված համայնքի բնակիչները սահմանադրությամբ իրենց տրված իրավունքով պահպանում են շրջակա միջավայրը:

Բնակիչները պոստերի միջոցով թույլ չեն տալիս «Լիդիան Արմենիա» կազմակերպությանը շարունակել շինարարական աշխատանքները:

Ըստ Ջերմուկ քաղաքի բնակիչ Տիգրան Մանուկյանի, հանքի շահագործման դեպքում վտանգները շատ են. տուրիզմը արդեն զարգացել է Ջերմուկում, և թույլ չեն տալու, որ կազմակերպությունը աշխատի:

«Արդեն մեկ տարի է` «Լիդիան Արմենիա» կազմակերպությունը կարողանում է մատների վրա խաղացնել թե՛ դատարանին, թե՛ կառավարությանը: 2017թ.-ի օգոստոսի 27-ին «Լիդիան Արմենիա» կազմակերպության տնօրենը իր աշխատողներին հանել է մեր դեմ, կռիվ հրահրել ու քաշվել մի կողմ»- նշում է պոստապահներից Ահարոն Արսենյանը:

Վայոց ձորի մարզում ոսկու հանքի շահագործման դեպքում ռիսկերը բաժանվում են  մի քանի խմբի:

Ջերմուկ համայնքի ավագանու անդամ Հասմիկ Սարգսյանը (մասնագիտությամբ բժշկուհի է) ներկայացնում է հանքի շահագործման դեպքում առողջապահական ռիսկերը.

«Ջերմուկ համայնքում օնկոլոգիական (ուռուցքաբանական) հիվանդությունների աճ է նկատվում, նաև ժառանգականության հետ կապված հիվանդություններ են առաջանում, կարող են ծնվել արատավոր երեխաներ: Այս առումով «Լիդիան Արմենիա» կազմակերպությունը չի կատարել առողջության ռիսկերի գնահատում»:

Ջերմուկ քաղաքը միջազգային նշանակության հանքաջրաբուժական առողջարան է:

Աշխարհում եզակի առողջարան, որը նպաստում է հազարավոր մարդկանց առողջության բարելավմանը:

Հասմիկ Սարգսյանի խոսքով, ոչ մի խելահաս մարդ չքնաղ առողջարանային քաղաքը չի ոչնչացնի և չի դարձնի հանքարդյունաբերական քաղաք. երկուսը մեկտեղ անհամատեղելի է:

Հասմիկ Սարգսյանը նշում է, որ հանքավայրի շինարարական աշխատանքների ընթացքում զբոսաշրջիկների թիվը նվազել է, քանզի փոշին նստում էր  կանաչի վրա, ձմռանը ձյունը նարնջագույն էր դառնում:

Մինչև 2016 թվականը Ջերմուկ քաղաքը ազդակիր չի համարվել:

2016 թվականին Ջերմուկ համայնքի ավագանին դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի ուղարկեն անկախ փորձագետների խումբ` գնահատելու ռիսկերը:

Ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներգրավվել են նաև Ջերմուկ համայնքի բնակիչներից վեց հոգի:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հանքի շահագործման դեպքում վտանգը կազդի նաև Ջերմուկ համայնքի վրա: Սրանից հետո էլ Ջերմուկը դառնում է ազդակիր համայնք:

Հանքի շահագործման դեպքում հնարավոր ռիսկերի թվում են նաև բնապահպանական խնդիրները:

Շինարարական աշխատանքների ընթացքում հանքավայրից տարածվող փոշուց վնասվել են խոտհարքներն ու ցանքատարածությունները:

Գնդեվազ  գյուղի բնակիչ Արկադյա Բարսեղյանի խոսքով, գյուղում խոշոր եղջերավոր կենդանիների թիվը կրճատվել է, որովհետև արոտավայրերի վրա փոշի է նստում:

Հնարավոր ռիսկերից է նաև Կեչուտի և  Սպանդարյանի ջրամբարների, Արփա և Որոտան գետերի աղտոտման վտանգը: Սևանա լճի մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, սրանք հանդիսանում են ջրահավաք ավազաններ, և արգելված է որևէ գործունեություն, որը բացասական ազդեցություն կունենա Սևանա լճի որակի վրա:

Ամուլսար ոսկու հանքավայրի հետ կապված այս տարիների ընթացքում տեղի են ունեցել մի շարք դատական գործեր:

Ութ քաղաքացիների դեմ քաղաքացիական հայց է ներկայացվել, ինչպես նաև տեղացիներից Էդմոնդ Աղաբեկյանի, Շիրակ Բունիաթյանի, լրագրող Թեհմինե Ենոքյանի, Անի խաչատրյանի, փաստաբան Նազելի Վարդանյանի, Լևոն Գալստյանի, պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դեմ կազմակերպության կողմից գործարար և բարի համբավին վնաս պատճառելու հոդվածով և պահանջում է մեկ մլն դրամ փոխհատուցում:  

Այս գործերը դեռևս գտնվում են դատական գործընթացի մեջ:

Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքը միակն է եղել, որ, ի սկզբանե միավորվելով, թույլ չի տվել հանքի շահագործումը:

Գլաձոր համայնքի  բնակիչ Օնիկ Զաքարյանը նշում է, որ իրենց համար կարևորը իրենց երեխաների առողջությունն է. հանքաարդյունաբերությունը աղտոտում է օդը, ջուրը,  մարդկանց հիվանդության պատճառ է դառնում:

Վայոց ձորի մարզպետարանի Առողջապահության և սոցապահովման վարչության պետ Վասիլ Ասլանյանի խոսքով, 2016 թ-ից պաշտոնական տվյալներով օնկոլոգիական հիվանդությունների աճ չի նկատվել:

Հանքի շահագործման դեպքում ընկերությունը կապահովի 1600 աշխատատեղ:

«Լիդիան Արմենիա» ընկերության գործագիր տնօրեն Հայկ Ալոյանը 1in.am- ին տված հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը չի վնասելու էկոհամկարգին: 2008թ.-ից  ընկերությունը ուսումնասիրություններ է իրականացնում բնապահպանական տեսանկյունից և ներդրել է ավելի քան 6 մլն դոլար այդ ուսումնասիրությունների համար:

Վայոց ձորի մարզի բնակիչները հույս ունեն, որ նոր կառավարության կողմից իրենց ձայնը լսելի կլինի` ի տարբերություն նախորդ կառավարության, և Ամուլսարի ոսկու հանքավայրը չի շահագործվի:

ՇՈՒՇԱՆԻԿ ՄԻՍԿԱՐՅԱՆ

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *