ՄԱՐԶ

Եթե առաջնորդները լինեին կանայք՝ սերը շատ կլիներ. Մարիաննա Պեպանյան

  Մարիաննա Պեպանյանը ծնվել և մեծացել է Ալավերդում, ավարտել է ռուս-հայկական սլավոնական համալսարանը, այնուհետև կրթությունը շարունակել Վրաստանում՝ ավերտելով լրագրության և մեդիա-մենեջմենթի ֆակուլտետը: Քաղաքացիական հասարակության լիիրավ անդամ է: 2018 թ. որպես կին որեշեց մասնակցել որոշումների կայացմանը հենց ավագանու կազմում, սակայն 2023 թ. հիասթափություն ապրեց և վայր դրեց մանդատը, շարունակելով հասարակական գործունեությունը:

-Լինել քաղաքացիական հասարակության անդամ

-Ես որպես անձ ձևավորվել եմ այն տարիներին, երբ աշխատել եմ որպես լրագրող: Ներգրավված եմ եղել տարբեր հասարակական կազմակերպությունների ծրագրերում և փոձել եմ հնարավորինս ակտիվ լինել համայնքում, որովհետև եթե յուրաքանչյուրս չանենք առավելագույնը, այն, ինչը մեզնից պահանջվում է՝ մենք չենք կարող ունենալ լավ, զարգացած, բարեկեցիկ համայնք, և ի վերջո՝ մի օր մենք էլ կորոշենք ու կլքենք մեր համայնքը կամ մեր երկիրը:

Մի շատ հետաքրքիր բան ասեմ. Ամուսինս ինձ առաջին անգամ տեսել է ցույցի ժամանակ և դա իրեն չի վախեցրել: Փորձել եմ հնարավորինս ակտիվ լինել և ինչ հետ համաձայն չեմ եղել, մտածել եմ, որ սխալ է, մեր երկրի զարգացմանը չի նպաստում՝ փորձել եմ ինչ-որ կերպ արտահայտել կարծիքս, կիսվել մարդկանց հետ և ասել, որ պետք չի հարմարվել և եթե մենք շարունակենք հարմարվել՝ ոչ զարգացում կլինի, ոչ էլ որևէ լավ բան:

Հեղափոխությունը և հիասթափությունը

-Երազանքներով ապրել և ակտիվ մասնակցել եմ 2018-ի հեղափոխությանը, և ինչպես շատերը՝ փոշմանել եմ, որովհետև այն հեղափոխությունը, այն փոփոխություններն ու ռեֆորմները, որ մենք էինք ուզում՝ ցավոք, մեր երկրում շատ դժվար է իրականացվում: Դա գուցե հենց մեզնից է, մենք չենք ուզում փոխվել, գուցե դրանից է, որ իշխանությունը չի կարողանում կամ չի ուզում, բայց ես այսպիսի Հայաստան չէի ուզում և դրա համար չէի դուրս եկել փողոց: Ես ուզում էի կոռուպցիայից զերծ Հայաստան, ուզում էի ծանոթ-բարեկամով աշխատանքի ընդունել չլինելու Հայաստան, բայց ցավոք, իրականությունն այն է, որ մենք դեռ շարունակում ենք այսպես ապրել և դեռ փոքր համայնքներում ծանոթ-բարեկամը կա, դեռ գաղափարակիցները կան, և հենց առաջին հերթին այն մարդիկ են ստանում աշխատանք, ովքեր այն մասնագետը չեն, որ պետք է լինեն: Լուրջ փոփոխություն չեմ տեսնում, մինչ հեղափոխությունը նույնպես ՏԻՄ-երը ձևական, օրենքի կետը կատարելու համար ասում էին, որ տվել են հաշվետվություն, բայց արդյո՞ք փորձում են ավելի շատ մարդկանց ներգրավել, ոչ թե միայն հայտարարություն դենել ֆեյսբուքյան էջում և ասել՝ տեսե՞ք, քաղաքացիները չեկան: Այն ժամանակ էլ էր նույնը, ես չեմ տեսնում նախաձեռնություն՝ մարդկանց ցանկության բերելու՝ մասնակիցը լինելու, ներգրավելու, մարդկանց կարծիքը լսելու ուղղությամբ:

Քաղաքականություն մտնելը

-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվեցի, դարձա ավագանու անդամ և հույսեր ունեի, որ կկարողանամ ինչ-որ բան փոխել, թեև ընկերներս ասում էին, որ բարդ է լինելու և մենակ ոչինչ չես կարող անել: Եվ իսկապես այդպես եղավ և ես լքեցի քաղաքականությունը, բայց շարունակելու եմ ակտիվ հասարակական գործունեությունս, որպեսզի հնարավորինս օգտակար լինեմ իմ համայնքին:

Ի՞նչ տեղի ունեցավ Ալավերդու ՏԻՄ-ում

-Տեղի ունեցավ այն, որ ես չհամաձայնեցի քաղաքական թիմի որոշումներին, որոնք ավելի շատ քաղաքական շահերից էին բխում, այլ ոչ թիմի անդամների և համայնքի շահերից և ես չէի կարող մասը լինել այդ ամենին և որոշեցի պարզաես հեռանալ:

Հնարավոր վերադարձը քաղաքականություն

-Հիասթափությունս մեծ է, ես երևի ավելի երազանքներով լի աչքերով էի նայում ավագանու ինստիտուտին կամ ՏԻՄ-ին, բայց պետք չէ կոտրվել: Եթե մենք ուզում ենք ինչ-որ բան փոխել, ապա պետք է սկսենք որոշումների կայացման մակարդակից: Սիրով կուզեմ վերադառնալ ՏԻՄ, բայց եթե հնարավորություն լինի՝ առաջադրվել ոչ կուսակցական ցուցակով, որովհետև շատ բան ունեմ անելու, շատ կուզեմ օգնել իմ համայնքին:

Կնոջ դերը փոքր համայնքում

-Շատ դժվար է ակտիվ կանանց տեսնել, Ալավերդու նման փոքր համայնքում՝ առավել ևս, որտեղ կան կարծրատիպեր: Կան կանայք, ովքեր ունեն ունակություն, ովքեր ունեն կրթություն, ովքեր կարող են, բայց չեն դրսևորվում և չեն կարողանում իրենց գտնել հասարակական կյանքում, քաղաքականության մեջ: Այդպիսի կանանց կարողություններն ու ունակությունները պարզապես մեռնում են: Դրա պատճառը տղամարդիկ են, մածահասակները, տան անդամները՝ սկեսուրը, սկեսրայրը, ծնողները, ովքեր զսպում են աղջիկների ակտիվ լինելու ցանկությունը և նրանց դնում են այն կաղապարների մեջ, որոնք իրենք են ստեղծել, որ այսպիսին պիտի լինի հայ աղջիկը, կինը և այլն:

Ոչինչ չի խանգարում ակտիվ լինելուն, եթե դու ունես և՛ աշխատանք, և՛ ընտանիք և կարող ես զբաղվել հասարակական գործունեությամբ:

Եթե առաջնորդները լինեին կանայք՝ էմոցիաները շատ կլինեին, սերը շատ կլիներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սույն տեսանյութը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հաղորդման մեջ  արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *