ՄԱՐԶ

«Կժեր». Վանաձորի գողտրիկ անկյունը

Վանաձորի բնակիչների և զբոսաշրջիկների սիրելի վայրերից է «Կժեր» արվեստի սրահը։ Սրահի հիմնադիրը նկարիչ Սամվել Առաքելյանն է։

 Նկարիչը «Կժեր»-ը հիմնադրել է 1993 թվականին. «Փորձեցի մասնագիտությունս օգտագործել` տուն պահելու համար»,- ասում է Սամվել Առաքելյանը` նույն ինքը` քաղաքում հայտնի Կժերի Սամոն։

Սկզբում արվեստանոց-սրահում փոքր բաներ էին վաճառվում, անգամ կոնֆետ ու թխվածքաբլիթներ: «Ինչը շատ էին գնում, դրանք էլ վաճառում էի»,- ասում է Սամվել Առաքելյանը։ Բայց, լինելով արվեստի մարդ, նկարչի գերնպատակը, իհարկե, գումարը չէր, և նա սկսեց փոխել խանութ-արվեստանոցի ուղղվածությունը։ Նախկին փոքրիկ խանութը այսօր արվեստի սրահ է. այստեղ կարելի է գտնել բազում հին իրեր, կարելի է պարզապես այցելել ու հիանալ արվեստի ստեղծագործություններով։

Արվեստի սրահի անունը պատահական չի ընտրված։ Հիմնադիրը պատմում է, որ սրահը նոր էր բացվել, երբ մի տարեց կին մի կուժ բերեց ու նվիրեց իրեն, ինքն էլ կուժը դրեց դրսում` պատի մեջ։ Մարդիկ տեսան կուժը ու սկսեցին իր համար շատ կժեր բերել։ «Հետագայում, երբ ցուցանակը պատրաստվում էր,-պատմում է հիմնադիրը,- մտածում էինք` ինչ անուն դնել, տեսանք, որ այստեղ գերակշռում են կժերը, ու որոշեցինք արվեստանոցը հենց այդպես էլ անվանել` «Կժեր»։ Ի դեպ, արվեստագետը նշում է, որ սա Հայաստանում եզակի վայր է, որտեղ մի տանիքի տակ այսքան կուժ կա հավաքած։ «Որ կողմ նայում ես, կուժ է, ու ամենահետաքրքիրն այն է, որ բոլորը իրարից տարբեր են, չեն կրկնում միմյանց»։

Առհասարակ, նկարիչը սիրում է, իր խոսքով ասած, իրենց դարն ապրած, հետաքրքիր, հին իրեր։ Ամենուր հին ու յուրահատուկ իրեր են` տեսախցիկներ, վրձիններ, ծաղկամաններ...Անգամ այնպիսի իրեր, որոնք այլևս գործածական չեն, օրինակ` նավթավառը. «Դա այն ժամանակվա գազօջախն էր. հիշում եմ, թե ինչպես էր տատս դրա վրա ճաշ պատրաստում»։

Սամվել Առաքելյանը մանկուց սիրել է արվեստը, գեղեցիկը։ Նա սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, այնուհետև մանկավարժական ինստիտուտում ստացել է նկարիչ-մանկավարժի մասնագիտություն։

Նրա կարծիքով, գեղեցիկ է ամբողջ աշխարհը, այն, ինչ կա մեր շուրջը։ «Այն մարդը, որը չի նկատում գեղեցիկը, կիսատ է ապրում։ Կույր մարդը անգամ, որ ոչինչ չի տեսնում, կարողանում է գտնել ուրախանալու առիթ, իսկ մենք անընդհատ բողոքում ենք»։ Նկարչի կարծիքով, յուրաքանչյուր մարդ պետք է փորձի գեղեցիկ դարձնել իրեն շրջապատող աշխարհը. «Այդպես մեր քաղաքն էլ գեղեցիկ կդառնա, մեր երկիրն էլ»։

Վանաձորի «Կժեր» արվեստի սրահը Սամվել Առաքելյանի` իրեն շրջապատող աշխարհն ու կյանքը գեղեցիկ դարձնելու փորձն է։

«Կժեր»-ը Վանաձորի գողտրիկ անկյուններից մեկն է։ Կանաչ գույնը, փայտյա դուռն ու բազում կատուները ամբողջացնում են արվեստանոցի դեմքը։ Հայկական նախշերն ու դրոշի գույները ապահովում են արվեստանոցի ազգային շունչը։

Սամվել Առաքելյանը սիրում է իր աշխատանքը, ասում է, որ հիմա, կարելի է ասել, չի աշխատում, որովհետև անում է այն, ինչն իրեն դուր է գալիս։ Նկարիչը կորած է համարում այն օրը, որի ընթացքում ինքը չի մաքրել, խնամել «Կժեր»-ի մոտ գտնվող իր այգին։ «Յուրաքանչյուր մարդ պետք է փորձի ամեն օր այս աշխարհի, մոլորակի համար մի լավ բան անել, իսկ հետո նոր պահանջներ դնել աշխարհի առաջ»։ Աշխարհ, որում, արվեստագետի համոզմամբ, պետք է նկատել միայն լավն ու գեղեցիկը։

«Մեր ամբողջ կյանքը արվեստ է,- նշում է նկարիչը,-պարզապես պետք է նկատել դա»։ Նրա խոսքով, արվեստագետին անելու շատ քիչ բան է մնում, որովհետև Աստծո ստեղծածն արդեն իսկ արվեստ է, իսկ արվեստագետն ընդամենը փորձում է ընդօրինակել այն. «Ով շնորքով է, կարողանում է իր գործը մի քիչ մոտեցնել արարչագործական արվեստին»։

Սամվել Առաքելյանի կյանքի անբաժանելի մասը «Կժեր»-ն է. «Եթե «Կժերը» չլինի, առավոտյան կարթնանամ ու չեմ իմանա ուր գնալ»։ Նրա համար այս ամենը դարձել է «իր կաշին». «Այնպես, ինչպես մարդը իր կաշին չի նկատում, ես էլ այս ամենը չեմ նկատում։ Տարբեր մարդիկ գալիս են, անցնում, ասում են` էս ի~նչ սիրուն է, իսկ ինձ համար սովորական է։ Ոնց որ կաշիս է ինձ հետ, այնպես  էլ էս ամեն ինչը։ Սա իմ բնական վիճակն է»։

 

Սեդա Մխիթարյան, ՎՊՀ, լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *