ՄԱՐԶ

Լքված նորածին՝ Գյումրու ավտոկայանի մոտակայքում

Գյումրու «Ավտոկայան» թաղամասում հայտնաբերվել է նորածին տղա երեխա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ՀՀ  ոստիկանությունը լքված  երեխայի մասին ահազանգը ստացել է հուլիսի 3-ին՝ ժամը 10:10-ին: Երեխան  հայտնաբերվել է Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մերձակայքում: Մեկնել է օպերատիվ քննչական խումբ:

Ըստ տեղեկությունների՝ տան պարիսպի տակ երեխային նկատել է պատահական անցորդը, նա լսել է երեխայի ձայնը, մոտեցել ու  անմիջապես ահազանգել ոստիկանություն ու շտապօգնություն:

Նորածինը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»:

Բնածին  արատ  երեխայի մոտ չի հայտնաբերվել: «Ունեցել է սրտի տոների հազվականություն, ցածր ճնշում: Եղել է կապտակարմրավուն երանգով: Երեխան հասուն նորածին է՝ մի քանի ժամ առաջ ծնված»,-ասել է հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը՝ հավելելով, որ թեև երեխան արատ չունի, բայց ունի բուժման կարիք: Երեխան փաթաթված է եղել բարակ ծածկոցով ու մեկ տակաշորով,  կեղտոտ ու  անխնամ:

Հիվանդանոցում անմիջապես կազմակերպվել է երեխայի համապատասխան բուժզննումն ու հետազոտությունները: «Երեխան կմնա վերակենդանացման բաժանմունքում՝ տաքացնող սեղանիկի վրա այնքան  մինչև իրավիճակը կարգավորվի: Կլինի բժիշկների հսկողության տակ»,-նշել է Մարգարիտա Հարությունյանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *