ՄԱՐԶ

Մարտունու բուժկենտրոնից աղիքային վարակին բնորոշ ախտանիշներով 12 երեխա տեղափոխվել է Երևան

Մարտունու ԲԿ-ից հունիսի 12-13-ը «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» են տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով  1-4 տարեկան 12 երեխա:

Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Համաճարակաբանական հետազոտության արդյունքում` հունիսի 13-ին նման ախտանշաններով հայտնաբերվել է ևս 4 բուժառու, որոնցից 3-ը` երեխա, 1-ը` մեծահասակ, որոնք արդեն տանն են` հիվանդության թեթև ընթացքով: Նույն ժամանակահատվածում Մարտունու ԲԿ-ում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում` լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել է 12 նմուշ ջուր,  30 լվացուկ` ԱՑԽՄ և պաթոգեն միկրոֆլորայի նկատմամբ»,- նշել են ԱՆ-ից:

Բուժանձնակազմի 9 հոգուց վերցրել են ստաֆիլակոկակրության և  մանրէակրության նկատմամբ նմուշներ, իսկ բաժանմունքում բուժում ստացող 7 երեխայից և 1 խնամակալից` մանրէակրության նմուշառում:

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն հոսպիտալացված 2 բուժառուի մոտ հայտնաբերվել է ներհիվանդանոցային վարակի հարուցիչ` կլոստրիդիում դիֆիցիլե, իսկ 2 նմուշներից մեկում` նաև այդ հարուցչի հակածինը: Նմուշները տեղափոխվել են նաև ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն», որտեղ կլոստրիդիում դիֆիցիլեն հաստատվել է:  Այժմ աշխատանքներ են  տարվում`  բացահայտելու ներհիվանդանոցային վարակի փոխանցման աղբյուրի` ջրային կամ կոնտակտային ծագման բնույթը պարզելու ուղղությամբ: 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *